ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Բելա Եսաջանյանը մոտեցրեց ոսկեդարը»
10.11.2022
«Բելա Եսաջանյանը մոտեցրեց ոսկեդարը»

ՀՊՄՀ-ում կայացավ «Ռուսերենը՝ 21-րդ դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջազգային և միջանձնային հաղորդակցման երաշխավոր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված մեծանուն մանկավարժ, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի ծննդյան 90-ամյակին։

Ձեռնարկին ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչներ, ռուսաց լեզվի և գրականության դասավանդողներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, մագիստրոսներ, տարբեր տարիների շրջանավարտներ, որոնք անդրադարձան վաստակաշատ մանկավարժի գիտական ուղուն և գործունեությանը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ նկատեց՝ մասնակիցներից շատերի կյանքում է Բելա Եսաջանյանն անջնջելի հետք թողել։ Շատերին է բախտ վիճակվել աշխատել մեծանուն լեզվաբանի, տաղանդավոր մանկավարժի, մեթոդիստի, պրոֆեսորի հետ, որի լուսավոր ու վառ կերպարը, մասնագիտական ժառանգությունն ուղեկցում են մինչ օրս։

Անդրադառնալով մեծանուն գիտնականի կենսագրությանը՝ ռեկտորը նկատեց, որ կան անհատականություններ, որոնց մեծությունը ժամանակի մեջ է որոշվում․ պրոֆեսոր Եսաջանյանի հեղինակած դասագրքերով մի քանի սերունդ է կրթվել․ «Նա կյանքի 65 տարին նվիրել է մանակավարժությանը, երկար տարիներ ղեկավարել բուհի Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնը՝ փոխանցելով իր հարուստ փորձն ու գիտելիքները։ Նրա աշխատությունները, ռուսաց լեզվի դասավանդման ոլորտում մշակած մեթոդաբանությունը մեծ պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս»,- նշեց ռեկտորը։

Գիտաժողովի անցկացման առթիվ իր ուղերձում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան ՍԵրգեյ Կոպիրկինը նշել էր՝ գիտաժողովը կոչված է միավորել սերունդների համար ռուսական խոսքի հարստությունը բացահայտող բոլոր մասնագետներին։

Դեսպանն ընդգծել էր՝ ՌԴ-ի սահմաններից դուրս ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը երկրի կառավարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Ռուսական տան հումանիտար գործունեության գլխավոր ուղղություններից է։ Այդ առումով անհրաժեշտ է ընդգծել ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր Բելա Եսաջանյանի մեծ դերակատարումը․ «Պրոֆեսոր Եսաջանյանը ՀՀ-ում ռուսագետների առաջին գիտաժողովի կազմակերպիչներից էր: Լիահույս եմ, որ տեղի կունենա փորձի փոխանակում, կքննարկվեն ռուսերենի դասավանդման մեթոդաբանության զարգացմանը, նորարական մեթոդիկային առնչվող հարցեր»։

ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ իր ուղերձում հատկանշական էր համարել, որ գիտաժողովը նվիրված է ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի 90-ամյակին․ մանկավարժ, որ թողել է գիտական մեծ ժառանգություն․ «Ռուսաց լեզվի մանկավարժներն այսօր կարևոր դեր ունեն մեր հասարակությունում: Նրանք երիտասարդ սերունդներին ծանոթացնում են երկրի հարուստ մշակութային ժառանգությանը և աշակերտների մոտ ձևավորում ժամանակակից Ռուսաստանի կերպարը։ Ոսկեդարը կգա այն ժամանակ, երբ մանկավարժությունը կբարգավաճի, շնորհակալ ենք, որ Բելա Եսաջանյանն այդ ոսկեդարը մոտեցրեց մեզ»:


Բելա Եսաջանյանի գիտական աշխատանքների բազմաբովանդակության մասին նշեց նաև ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, ում գիտական աշխատանքը ևս ղեկավարել է Բելա Եսաջանյանը։

Պրոռեկտոր Իսպիրյանը նկատում է՝ առավել արժեքավոր են նրա գիտական աշխատանքներում առկա հետևողականությունը, կուռ գիտական միտքը, համակարգված, հասարակության զարգացման ընթացքում ի հայտ եկող կրթական և գիտամեթոդական խնդիրների լուծման ճկուն մոտեցումը․«Ի սկզբանե ֆորմալ և ոչ այնքան կարևոր թվացող նրա աշխատությունների արդիականությունն ապացուցել է ինքը՝ ժամանակը»։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, որը երկար տարիներ աշխատել է մեծանուն գիտնական հետ, նկատում է՝ պրոֆեսոր Եսաջանյանը կարևորում էր, որ հայ երեխան լավ տիրապետի մայրենի լեզվին, տիրապետի ռուսերենին և իմանա գոնե մեկ օտար լեզու․ «Նա միշտ շեշտում էր՝ մայրենի լեզուն պետք է շատ լավ իմանալ․ այն մնացած բոլոր լեզուների իմացության հիմքն է»:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիա Բալասանյանի դիտարկմամբ՝  ուսանողները դեռ  երկար  կհիշեն ու կառաջնորդվեն նրա մանկավարժագիտական հետազոտություններով․նշանավոր գիտնականը պատկանում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնց հիմնադրամների, ասոցիացիաների և տարբեր կազմակերպությունների անդամն էր:

Բանախոսը փաստեց՝ նրա շնորհիվ ռուսաց լեզուն որպես գիտություն մտավ ԲՈԿ-ի մասնագիտությունների մեջ․«Նա նոր մտքերի ու գաղափարների ստեղծող էր․մեծ էր նրա դերը նաև ռուս և ազգային բազմալեզվության մեթոդների ստեղծման ու կիրառման գործում»,-ամփոփեց Լիլիա Բալասանյանը:

Մարիա Կորոտինան, ՌԴ Լուսավորչության  նախարարության  կողմից  շնորհակալական նամակ փոխանցեց  Լիլիա Բալասանյանին՝  կրթության ոլորտում ունեցած  ավանդի,  ռուսաց լեզվի հանրահռչակման, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։ 


Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում խոսեցին Բելլա Եսաջանյանի՝ Հայաստանում երկլեզվյան ուսուցման գործում ունեցած մեծ ավանդի, ստեղծած դասագրքերի, մեթոդաբանության, տեսության և պրակտիկայի մշակման, մարդկային որակների մասին:

Հիբրիդային ձևաչափով անցկացվող գիտաժողովին առցանց միացան և մեծանուն գիտնականի մասին իրենց հուշերը ներկայացրին նաև ՌԴ գիտակրթական կառույցների ներկայացուցիչները։


«Ռուսերենը՝ 21-րդ դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջազգային և միջանձնային հաղորդակցման երաշխավոր» խորագրով միջազգային գիտաժողովը շարունակվեց մասնաճյուղերում․ ռուսաց լեզվի մասնագետներն անդրադարձան ոլորտի հիմնախնդիրներին։