ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բելառուսյան տպավորություններ՝ «Ամառային դպրոց»-ից
13.07.2018
Բելառուսյան տպավորություններ՝ «Ամառային դպրոց»-ից

«Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում աբովյանականներին հյուրընկալեց նաև Բելառուսի Հանրապետությունը:

Մ. Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն արդեն 5-րդ տարին անցկացվող «Ամառային դպրոց»-ի անցկացումն է: Բելառուսը բացահայտած աբովյանականների խոսքով՝ ծրագիրը հնարավորություն տվեց կարճ ժամանակում ծանոթանալ երկրի պատմությանը, այցելել տեսարժան վայրեր, շփվել օտարազգի ուսանողների հետ ու բացահայտել ևս մի հետաքրքիր ու տարբերվող աշխարհ:

«Ռատուշա», «Խատին» և «Օզեռցո», ազգային գրադարան, Սուրբ Ելիսավետինսկի մենաստան, պատկերասրահներ ու թանգարաններ. 10 օրվա ընթացքում աբովյանականները ծանոթացան Բելառուսի պատմությանը, տեսարժան վայրերին, մասնակցեցին երկրի անկախության օրվան նվիրված տոնական շքերթին և համերգային ծրագրին, սովորեցին բելառուսերեն, մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի:

Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Մելքոն Մելքոնյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց. «Մինսկը գեղեցիկ քաղաք է, մարդիկ՝ բարեհամբույր: Այցելության ընթացքում նոր ընկերներ ունեցանք»:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչատրյանը ևս տպավորված է. «Բելառուսն ինձ համար դարձավ մաքրության, օրինապահության ու հանգստության երկիր: Սպասելիքներս արդարացված են, երազանքս՝ կատարված. այցելեցի Ազգային գրադարան»,- նշեց ուսանողուհին և վստահեցրեց՝ ծրագիրը հագեցած էր ու բովանդակալից:

Մանկավարժականի ուսանողները ծրագրի վերջին օրն այցելեցին նաև «Պոլիտեխնիկ» ճամբար, ուր իրենց մասնագիտական հմտություններն են կիրառում Բելառուսի մանկավարժական համալսարանի ուսանողները:

«Գիտելիքների, փորձի փոխանակման տեսանկյունից մենք ևս ասելիք ունեինք բելառուս ուսանողներին, քանի որ բազմիցս որպես ջոկատավար մասնակցել ենք ճամբարների: Բացի մասնագիտական շփումներից, հնարավորություն ունեցանք պատմել նաև մեր երկրի մասին՝ կրթական համակարգից մինչև պատմություն ու տեսարժան վայրեր»,-նշեց ապագա հատուկ մանկավարժ Աննա Մելքոնյանը:

10-օրյա ծրագրի ընթացքում ուսանողները հյուրընկալվեցին նաև Բելառուսի հայ համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Կարեն Մուրադյանի հետ:

Ամփոփելով ծրագրի 10 օրը՝ մասնակիցները հավելում են, որ հայրենիք են եկել վառ տպավորություններով, լավ հիշողություններով ու վստահությամբ՝ նման ծրագրերը պարզապես անհրաժեշտություն են ուսանողների համար: