Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի հրավերով՝ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն ու դասախոս Աղավնի Գրիգորյանն այցելել էին դպրոց։
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում՝ մաթեմատիկայի ուսուցիչների և 12-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց «Պարամետր պարունակող հավասարումների և անհավասարումների լուծման մեթոդներ»թեմայով սեմինար։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ինչպես 12-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում ընդգրկված թեմային վերաբերվող օրինակներ, այնպես էլ պետական ընդունելության քննությունների շտեմարանի հավասարումներ և անհավասարումներ բաժնի որոշ խնդիրների լուծման մեթոդներ։
Աշակերտների ներկայացրած լուծումները համալրվեցին դասախոսների՝ ավելի արդյունավետ լուծման մեթոդներով։ Սեմինարի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Մանկավարժական համալսարանի առաքելությունը, ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում գործող և նորաբաց մասնագիտություններն ու դրանց կարևորությունը։