ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Բուհում ամենակարևոր մարդը ուսանողն է». ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյան
30.08.2019
«Բուհում ամենակարևոր մարդը ուսանողն է». ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյան

Նոր՝ 2019-2020 ուսումնական տարվան ընդառաջ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի աշխատակազմի հետ: Շնորհավորելով ուսումնական տարեսկզբի առթիվ՝ ռեկտորը մաղթեց նոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Ռեկտորն անդրադարձավ ընդունելության արդյունքներին և բարձր գնահատեց հատկապես բուհի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) հանդեպ հետաքրքրությունն ու դիմողների մեծ թիվը. «Մանկավարժական համալսարան դիմողների թվի նվազմամբ պայմանավորված՝ սպասվում էին կրճատումներ, սակայն ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու շնորհիվ հնարավոր եղավ խուսափել պրոֆեսորադասախոսական կազմի կրճատումներից»,-նշեց ռեկտորը:

Նա կարևորեց բուհում անցկացվող վերապատրաստումները, մասնավորապես՝ ԿԳՄՍ-ի ֆինանսավորմամբ կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների և «Ֆինանսական կրթությունը դպրոցում» վերապատրաստումները, որոնցում ընդգրկված է հիմնականում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը. «Այդ պատասխանատու գործն իրականացվել է բարձր որակով. այդ են վկայում վերապատրաստվողների կարծիքներն ու գնահատականները»,-հավելեց ռեկտորը:

Խոսելով ձեռքբերումներից՝ Ռուբեն Միրզախանյանը առանձնակի կարևորեց արդեն 7-րդ տարին անցկացվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, ինչպես նաև գործընկեր բուհերի հետ ուսանողների փոխանակման բոլոր այն ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեկնել արտերկիր և սովորել առաջատար համալսարաններում: Նա վստահեցրեց՝ այս ուսումնական տարում ևս կընդլայնվի միջազգային համագործակցության շրջանակը, որը հնարավորություն կընձեռի իրականացնել նաև դասախոսների փոխանակում:

«Մեր խնդիրը եղել է և կա կրթության որակի բարձրացումը. դա ուղղակիորեն անդրադառնում է ապագայի ուսուցիչների որակի վրա»,-նշեց ռեկտորն ու ևս մեկ անգամ ընդգծեց ուսուցման համակարգում Google Classroom էլեկտրոնային հարթակի կարևորությունը: Նա հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան կատարելագործել շարունակական փոփոխություններ պահանջող համակարգը:

«Բուհում ամենակարևոր մարդը ուսանողն է»,-իր խոսքի ավարտին հիշեցրեց ռեկտորն ու գործընկերներին հորդորեց ամենօրյա համատեղ աշխատանքով հասնել կրթության նոր որակի: