ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բժշկագիտության դերը մանկավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ
01.04.2024
Բժշկագիտության դերը մանկավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ

ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ ուսանողական գիտաժողով։

«Բժշկագիտության դերը մանկավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ» խորագրով ձեռնարկի նպատակն էր գիտական հարթակ տրամադրել ուսանողներին, հայցորդներին, ասպիրանտներին՝ ներկայացնելու և քննարկելու սեփական գիտական հետազոտություններն ու գաղափարները:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց արդիական թեմայի վերաբերյալ գիտաժողովը՝ նկատելով, որ ծրագրում ընդգրկված հետարքրքական թեմաները ֆիզիլոգիայի միջոցով կարևորում են բժշկագիտության և մանկավարժության միջև կապը։

Ռեկտորը նկատեց՝ Մանկավարժականը դասավանդման մեթոդիկայի ոլորտում լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում․ լիահույս է՝ գիտաժողովի շրջանակներում գիտելիքի փոխանցումը ևս կպայմանավորի այն խնդիրների որոշակի լուծումները, որոնց այսօր բախվում և ներգրավված է բուհը։

Պրոֆեսոր Գևորգյանը խոսեց անձի զարգացման փուլերի նշանակության՝ մտավոր, սոցիալական, հոգեբանական զարգացման առումով, ինչպես նաև ընդգծեց մեր օրերում ֆիզիոլոգիական և տարբեր տիպի հիվանդությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման կարևորությունը, նկատելով, որ մանկավարժական կոմպետենցիաների ձևավորման խնդիրը մեծամասամբ ձևավորում է այն առաջնային վտանգները, ռիսկերն ու մարտահրավերները, որոնց վերջին տարիներին ամենօրյա ռեժիմով բախվում է մեզնից յուրաքանչյուրը։

Ի դեպ, գիտական ձեռնարկը նշանավորվեց ՀՊՄՀ-ի և Գավառի պետական բժշկական քոլեջի միջև կնքված համագործակցության հուշագրով։ Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ փաստաթուղթն արձանագրային բնույթ չի կրի․ երկուստեք կլինեն համագործակցային տարաբնույթ ծրագրեր, կրթական փորձառությունն ու իրականացվելիք գործընթացներն էլ հնարավորություն կտան խորացնել ուսանողների մասնագիտական գիտելիքները։

Գավառի պետական բժշկական քոլեջի տնօրեն Հայկ Սիրականյանը լիահույս է՝ համագործակցող կողմերն իրենց գործունեությամբ կկարողանան նպաստել հասարակության հետագա զարգացմանը։ Նա պատահական չհամարեց,որ առողջապահությունն ու մանկավարժությունը մշտապես ներդաշնակ են։ Քոլեջի տնօրենը կարևորեց նաև հասարակության իրազեկվածությունը հիվանդությունների, դրանց կանխարգելման վերաբերյալ, նշելով՝ այդկերպ հնարավոր կլինի խուսափել հետագա ռիսկերից։

ՀՊՀՄ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց՝ Մանկավարժականում կարևորում են գործընկերությունն ու կրթական հաստատությունների փոխադարձ այցերը։ Պատրաստ են աջակցել, համագործակցել․ Մանկավարժականը բազմապրոֆիլ բուհ է, որի շրջանավարտները լայնածավալ գործունեություն են ծավալում նաև բժշկական, վերականգնողական, հատուկ տիպի հաստատություններում։

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանն անդրադարձավ մանկավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ բժշկագիտության կարևորությանը, ընդգծելով՝ Մանկավարժական համալսարանն առանձնանում է իր գործունեությամբ․ բուհը պատրաստում է բժիշկ-մանկավարժներ, ինչպես նաև մանկավարժներ, որ ապագա բժշկի կրթողն են․ «Այսօր կրթական համակարգը թելադրում է մանկավարժի նոր բնութագիր, հետազոտող մանկավարժ, որն ունի հստակ սահմանված կրթական ուղղվածություն՝ հիմնված մանկավարժության, հոգեբանության, բժշկության, ֆիզիոլոգիայի տեսության առանձնահատկությունների վրա։ Մանկավարժականում դեռևս 1960-ականներից գործել է երկու ամբիոն, որոնք մշտապես սահմանել են բարձր նշաձող։ Այսօր էլ, միավորված ամբիոնների դասընթացները, ուսումնակրթական և ուսումնագիտական ծրագրերը միտված են կրթական գործընթացի բարելավմանն ու ժամանակակից որակյալ մանկավարժ պատրաստելուն»,-նշեց ամբիոնի վարիչը։

«Բժշկագիտության դերը մանկավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ» խորագրով գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան նեյրոկրթության ժամանակակից ասպեկտներին, կրթական գործընթացում մանկավարժի բժշկահոգեբանական բնութագրին, արտակարգ իրավիճակներում սովորողների ակադեմիական հույզերի գնահատմանը, բժշկակենսաբանութան ոլորտում երեխաների մոտ հանդիպող խոսքի խանգարումներին, դպրոցականների կեցվածքի շեղումների ախտորոշմանն ու շտկման ուղիներին և այլն։

Զեկուցողները մի շարք թեմաների դեպքում ներկայացրին Մանկավարժականում իրականացվող հետազոտությունների ուղղությունները, շրջանակը, մեթոդները՝ նկատելով, որ կրթությունը բախվում է մի շարք խնդիրների, մարտահրավերների, որոնցից շատերի հաղթահարումը պահանջում է երիտասարդ գիտնականների ներուժ և նորարական մոտեցումներ։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը, ամփոփելով գիտաժողովը, այն ուսանելի, վերլուծական և մեթոդական կարևորություն ունեցող ձեռնարկ դիտարկեց։ Նա ներկայացրեց իր ղեկավարած ֆակուլտետի գործեունեությունը, մեր երկրում համընդհանուր ներառման գործընթացում ՀՊՄՀ-ի և այդ գործընթացում բժշկական, բազային կրթություն ունեցող ուսանողների ներգրավվումը Հատուկ և ներառական կրթության ֆակուլետում։

Պրոֆեսոր Հովյանը հույս հայտնեց, որ կրթական երկու հաստատությունների միջև համագործակցությունը կշարունակվի և գիտության մեջ սկիզբ կդրվի նոր և կարևոր ուղղության՝ բժշկամանկավարժական մոտեցումների։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան։ Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։