Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը կնքեցին համագործակցության համաձայնագիր։
Փաստաթուղթը հնարավորություն կտա տարբեր մասնագիտությունների գծով բուհում կազմակերպել քոլեջի շրջանավարտների ուսուցումը։ Բացի այդ, կողմերը կհամագործակցեն ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և կատարելագործման նպատակով, կապահովեն ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ, անհրաժեշտության դեպքում Քոլեջին կցուցաբերվի համապատասխան մեթոդական և մասնագիտական աջակցություն։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ Մանկավարժականը դիտարկում է բոլոր հարթակները ֆակուլտետներն ուժեղացնելու, տարբեր կառույցների հետ համագործակցությունն փոխշահավետ դարձնելու հեռանկարները։
Նա կարևորեց, որ վերջին տարիներին հատկապես միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները գտնվում են կառավարության հոգածության ներքո, ունեն որոշակի զարգացում և որակական աճ։
Պրոֆեսոր Գևորգյանը քոլեջի շրջանավարտների շարունակական կրթության առաջնային հնարավորություն դիտարկեց բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը։ Այն իր ուսումնական պլաններում ունի ինչպես բժշկահոգեբանական, այնպես էլ կենսաբանաֆիզիոլոգիական առարկայախումբ, ինչի շնորհիվ, ըստ ռեկտորի, ուսանողների մասնագիտական հետագիծը զարգացնելու հնարավորություններն առավել լայն կլինեն։
Ռեկտորը տեղեկացրեց՝ Մանկավարժականում առաջիկայում կդասավանդվի հատուկ մանկավարժություն և հատուկ հոգեբանություն մասնագիտությունները, իսկ ներդրված էրգոթերապիան կնպաստի անհրաժեշտ խոցելի խմբերին առավել որակյալ ծառայությունների մատուցմանը։
Սրբուհի Գևորգյանը կարևորեց համաձայնագիրը, ուսանող ունենալու հնարավորությունները, հատկապես, երբ դիմորդն ունի միջին մասնագիտական կրթություն, որոշակի ուղղվածություն և որի մասնագիտական դասընթացների սպեկտորը համընկնում է բուհի ուսումնական դասընթացներին․ «Մանկավարժականը փորձում է հետ չմնալ ժամանակակից միտումներից, հաճախ է կազմակերպում հրավիրյալ առաջատար մասնագետների այցեր, փորձում է հակազդել ժամանակակից կրթական բոլոր մարտահրավերներին․ դա նաև մեր առաքելությունն է կրթության ոլորտում »,- հանդիպմանը նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ համաձայնագիրը փոխշահավետ կլինի երկուստեք։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հետ համագործակցությունը նախորդում է համաձայնագրին․ Էրազմուս ծրագրով Լեհաստանի բուհերից մեկի հետ համագործակցության շրջանակներում հայաստանյան միջին մասնագիտական հաստատություններից ընտրել են հենց այս քոլեջը։
Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը հանդիպման ընթացքում ներկայացրեց 28-ամյա միջին մասնագիտական կրթություն իրականացնող կառույցի գործունեությունը, գործող մասնագիտությունները՝ նշելով, որ կարևորում են միջազգային, գիտական և նորարարական կապերի զարգացումը։
Նա ընդգծեց նաև քոլեջ-բուհ համագործակցությունը՝ շեշտելով, որ իրենց առաքելությունն է ունենալ մրցունակ շրջանավարտներ, իսկ նրանցից շատերն են ցանկանում կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում․ այդ առումով Մանկավարժական համալսարանը մեծ հետաքրքրություն է վայելում։