ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»
19.05.2017
«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»

Մանկավարժական համալսարանի Թանգարանն արդեն 5-րդ անգամ միացավ Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:

Այս տարի «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը կրող միջոցառման շրջանականերում անդրադարձ եղավ ստալինյան բռնատիրության և Արցախյան ազատամարտի տարիները ներկայացնող պատմություններին, հիշողություններին և վավերագրություններին:

Միջոցառման առաջին հատվածում՝ «Պատմում են բռնագաղթվածների հարազատները» թեմայի շրջանակներում թանգարանը հյուրընկալել էր 1930-ական թվականներին ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած Մանկավարժական համալսարանի դասախոսների հարազատներին:

Մանկավարժական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի հիմնադիր, մաթեմատիկոս Արշակ Տոնյանի թոռնուհի Ելենա Հովհաննիսյանն ու ընտանիքի մյուս անդամները հուշեր պատմեցին իրենց պապի և նրա գրչակից ու բախտակից ընկերների մասին:

Միջոցառման երկրորդ հատվածում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս, ազատամարտիկ, «Նորք» ջոկատի հրամանատար Աղվան Մխիթարյանը կիսվեց Արցախյան ազատամարտի տարիների իր հուշերով, իսկ բուհի շրջանավարտ, ազատամարտիկ, «Մեծն Մուրադ» ջոկատի փոխհրամանատար Գևորգ Անդրիկյանի որդին՝ Արման Անդրիկյանը ներկայացրեց հոր անցած մարտական ուղին:

Միջոցառման շրջանակներում եղան նաև «Ազատամարտիկի հիշատակարանը» և «Սահմանին» խորագրով ֆոտոշարքի ցուցադրությունները .վերջինիս հեղինակը Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Հայկ Մանուկյանն է:

Ի նշան երախտագիտության՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար Համալսարանին հանձնեց ջուրը խորհրդանշող հուշանվեր-մրցանակ և պատվոգրեր՝ մասնակից ուսանողներին և դասախոսներին: