ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ճախրուկ»-ի մենահամերգը՝ Մանկավարժականում
07.04.2025
«Ճախրուկ»-ի մենահամերգը՝ Մանկավարժականում

Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի համերգով։

Երաժշտախմբում նվագում և երգում են Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաները․ այն հիմնել են Աննա և Անահիտ Մխիթարյանները։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մեծ պատիվ և խորհրդանշական համարեց, որ այս կարևոր օրը «Ճախրուկ»-ն անցկացնում են աբովյանականների հարկի ներքո։

Պրոռեկտորը նշեց՝ սաները վաղուց հարազատ են դարձել․ անհամբեր են և մշտապես պատրաստ են հյուրընկալել նրանց։ Վստահ է՝ «Ճախրուկ»-ներն իրենց արվեստով կոգեշնչեն, և դրական հույզեր կպարգևեն ներկաներին, նաև մտածելու առիթ կտան։

Համերգային ծրագրում ազգային, աշուղական, հոգևոր երգ-երաժշտություն էր․եղան յուրատեսակ կատարումներ։ Ցուցադրվեց նաև փոքրիկ վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացված էր «Ճախրուկ»-ների կյանքը․ ինչպես են ապրում, մտածում, արարում   նաև երաժշտական այն աշխարհը, որ միասին են ստեղծվել՝ երկարատև աշխատանքի արդյունքում։

«Ճախրուկ»-ի հիմնադիր Անահիտ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հանդիպման համար, շնորհավորեց տոնի առթիվ և խոստովանեց՝ Մանկավարժականը հարազատ բուհ է դարձել «Ճախրուկ»-ի սաների համար։ Նա կրթօաջախին սիրով նվիրեց սաների հեղինակած ձեռագործ սպասք։