ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճամփորդություն շոկոլադի աշխարհում
25.12.2017
Ճամփորդություն շոկոլադի աշխարհում

Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցի 1-ին՝ Արևներ դասարանը կազմակերպել էր «Քաղցր ճանապարհորդություն»՝ խաղ-վիկտորինա ձևաչափով:

Աշակերտներն ու նրանց ծնողները, Քաղցր հրավառություն, Քաղցր մոլորակ, Քաղցր հեքիաթ և Շոկոլադե թագավորություն թիմերի բաժանված, ներկաների հետ շրջեցին շոկոլադի աշխարհում:

Շոկոլադե ոսկեդրամներ՝ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի կամ լավ աշխատանքի համար. ճանապարհորդելիս աշակերտներն ու նրանց ծնողները երկրորդ կյանք էին պարգևել կոնֆետների գույնզգույն թղթերին՝ դրանցից պատրաստելով հեքիաթների սիրելի հերոսներ կամ այլ կոլաժներ:

Kinder-ն արդեն 70 տարեկան է, Նապոլեոնն իր հետ միշտ շոկոլադ էր վերցնում կամ՝ հուլիսի 11-ը շոկոլադի միջազգային օրն է. այս և այլ փաստեր ներկայացնելով՝ ներկաները ճամփորդեցին և հավաստի տեղեկություններ ստացան 2500-ամյա ամենատարածված հրուշակեղենի մասին:

Կազմակերպչական, թեմատիկ, տեղեկատվական, հորինված կոնֆետ և այլն. քաղցրասերների գնացքը ողջ ընթացքում եղավ տարբեր կայարաններում և հերթականությամբ բացահայտեց շոկոլադի յուրահատկությունները, պատրաստման գաղտնիքները:

Չնայած շոկոլադների բազմազանությանը՝ աշակերտներն ու նրանց ծնողներն ունեին իրենց պատկերացումները. այն, ինչ ամեն օր բոլորիս ձեռքերում աղբի է վերածվում, նրանց ձեքերում դարձան շոկոլադի տուփերի նոր մտահղացումներ:

Քաղցր ճանապարհորդության ավարտին երեխաները նույնիսկ համոզեցին, որ շոկոլադն առողջարար ու օգտակար է ատամների համար և ներկաներին կոչ արեցին իրենց չզրկել տրամադրություն հաղորդող համեղ հրաշքից:

Ժյուրիի անդամները գնահատեցին փոքրիկ արևների ու նրաց ծնողների աշխատանքները և ևս մեկ անգամ համոզվեցին՝ աշխարհը պետք է կառուցել երեխաների ձեռքերով:

«Ամանորը հրաշքների և սպասելիքների տոն է, որն այսօր իրականություն դարձավ ձեր ելույթներով: Դուք իրական արևներ եք, որ ջերմ շողերով լույս սփռեցիք շուրջբոլորն ու ևս մեկ անգամ ապացուցեցիք՝ մանկության մոլորակն ամենազուլալն է, արդարն ու ջերմը»,-նշեց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու շնորհակալություն հայտնեց նաև ծնողներին՝ երեխաների հետ մանկություն տեղափոխվելու, նրանց հնարավորինս քաջալերելու համար:

Դասվար Գայանե Չիբուխչյանն էլ վստահեցրեց, որ աշակերտներն ու ծնողները պատվով հաղթահարեցին ճամփորդությունը, ինչի շնորհիվ ներկաները համատեղեցին հաճելին ու օգտակարը, գիտելիքն ու տեղեկատվությունը, հիացմունքն ու զարմանքը:

«1-ին դասարանցի արևները իրագործեցին առաջին հայացքից համարձակ թվացող իմ մեծ նախաձեռնությունը, ինչն ապացուցում է, որ նրաք պատրաստ են հաջորդ ճամփորդությանը»,-նշեց դասվարն ու Արևներ-ի անունից շնորհավորեց ներկաների Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Միջոցառումն ավարտվեց հավասարության, ընկերասիրության ու միասնության հաղթանակով. աշակերտներն ստացան հավաստագրեր, ծնողները շնորհակալագրեր, իսկ դասվար Գայանե Չիբուխչյանը պարգևատրվեց պատվոգրով: