ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճանաչեք վտանգը, որ կանխեք հետևանքը
12.12.2018
Ճանաչեք վտանգը, որ կանխեք հետևանքը

Այսօր Մանկավարժական համալսարանն հյուրընկալել էր Անգետիկին, Աղետիկին և նրա ընկերներին՝ բուհի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին:

Հադնիպման նպատակն էր իրենց և ներկաներին մեկ անգամ ևս հիշեցնելու, որ անհոգ մանկություն ունենալու համար շատ կարևոր է երեխաների աճին ու զարգացմանը նպաստող անվտանգ միջավայրի ապահովումը:

Փոքրիկները վստահ են և վճռական՝ եթե կարողանան ինքնուրույն ճանաչել վտանգի աղբյուրը, կկարողանան կանխել հնարավոր բոլոր հետևանքները:

Աշակերտները դարձան բժիշկներ, փրկարարներ, ոստիկաններ , բնապահպաններ և մասնագիտական համոզիչ փաստարկներով վստահեցրին՝ բնապահպանական խնդիրները, անձնական հիգիենայի պահպանումն ու կենցաղային բնույթի տարբեր իրավիճակներին հետևելն ու դրանց վտանգավորության մասին իմանալն անհրաժեշտություն է:

Կարևորելով անվտանգության կանոններին հետևելը՝ փոքրիկները մեծերին ևս մեկ անգամ հիշեցրին տարբեր կարևոր ծառայությունների հեռախոսահամարները և հորդորեցին՝ այս ամենը թե իմանաք, Աղետիկի խաղընկերը դուք կդառնաք:

Ներկաներն էլ ևս մեկ անգամ վերհիշեցին օրգանիզմի համար անհրաժեշտ 13 վիտամինների կարևորության և օգտակարության մասին և համոզվեցին՝ դրանց ընդունումն առողջ, վիրուսներից և ամենատարբեր հիվանդություններից պաշտպանված լինելու առաջին գրավականն է:

Փոքրիկները չմոռացան նաև հիշեցնել, որ կյանքը գեղեցիկ դառնա, պետք է շշուկով խոսել, միմյանց լսել ու չաղմկել. «Որքան շշուկով դու խոսես, այնքան ուշադիր քեզ կլսեն»:

Ավարտին երեխաներն իրենց երգով շնորհակալություն հայտնեցին մայր բնությանը, որին նկարել է Արարիչն ու նվիրել ողջ մարդկությանը:

Հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և դասվար Տաթևիկ Աբրահամյանին անչափ կարևոր, տեղեկատվությամբ լեցուն միջոցառման համար և ընդգծեց, որ այն առաջին հերթին օգտակար է երեխաներին՝ վտանգներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու, դրանցից պաշտպանվելու համար: