ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճանաչողական այցեր՝ «Ամառային դպրոց»-ի ամենօրյա ծրագրում
17.08.2017
Ճանաչողական այցեր՝ «Ամառային դպրոց»-ի ամենօրյա ծրագրում

«Ամառային դպրոց-2017» ծրագրի մասնակիցները շարունակում են բացահայտել Հայաստանի տեսարժան ու պատմամշակութային վայրերը: Ծրագրի երրորդ օրը  ուսանողների համար մեր երկիրը ներկայացավ իր հարուստ անցյալով և պատմական ժառանգությամբ:

Երիտասարդներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, ապա ուղևորվեցին Հայաստանի միջնադարյան հնագույն վանական համալիր՝ Գեղարդ: Պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող երկու վայրերում ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը օտարազգի երիտասարդներին ներկայացրեց դրանց հիմնադրման պատմությունն ու նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:

«Ինձ շատ գրավել է ձեր երկրի բնությունը. գեղեցիկ սարեր ունեք և դրանցում տեղակայված յուրահատուկ եկեղեցիներ: Այստեղ ապրող մարդիկ էլ շատ բարեհամբույր են: Ծրագրի սկզբում շատ հուզված էի. այս օրերին շփվելով ծրագրի մասնակիցների հետ՝ մտերմացանք»-aspu.am-ի հետ զրույցում նշեց Սանկտ Պետերբուրգից ժամանած Կսենյա Ռոգովան:

Լիտվայից ժամանած ուսանողուհիներ Լաուրա Մցկուտեն և Ինետա Յանուսևսկայան ևս տպավորված էին տեսածով, Գառնի և Գեղարդ այցելություններից. «Աննկարագրելի գեղեցիկ վայրեր են.դժվարանում եմ առանձնացնել, թե չորսօրյա այցի ընթացքում հատկապես որ կառույցն եմ ավելի շատ սիրել: Վստահ եմ՝ հետագա օրերին նույն զգացողությունն եմ ունենալու»,- ընդգծեց  Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ուսանողուհի Ինետա Յանուսևսկայան:

Ծրագրի չորրորդ օրն իր հագեցվածությամբ չզիջեց նախորդ օրերին.այս անգամ ուսանողների կանգառը Տավուշի մարզն էր և Դիլիջանի միջազգային դպրոցը, որտեղ մասնակիցները ծանոթացան կրթական հաստատության առաքելությանը, նպատակներին և խնդիրներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող առարկաներին:

Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան համալսարանի ուսանող Շեստիտկո Կատերինային և ծրագրի մյուս մասնակիցներին զարմացրել  ու հիացրել էին միջազգային դպրոցի ճարտարապետական կրեատիվ լուծումները, աշակերտների ապրելակերպն ու միջավայրը.«Երբ վերադառնամ Բելառուս, ընկերներիս անպայման պատմելու եմ տեսածիս մասին: Շատ կցանկանայի, որ մեր համալսարաններն ու դպրոցներն էլ այսպիսին լինեին. այստեղ սովորելն իրական հաճույք է» - նշեց Շեստիտկո Կատերինան:

Ուսանողները եղան նաև Դիլիջանի համայնքային կենտրոնում, որտեղ մասնագետների միջոցով ծանոթացան կենտրոնի գործունեությանը, աշխատանքներին,

«Ամառային դպրոց 2017»-ի մասնակիցներին առաջիկայում ևս սպասվում է վեցօրյա հետաքրքիր և բովանդակալից ճանապարհորդություն. ծրագիրը շարունակում է գերհագեցած լինել: