ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճանապարհ՝ դպրոցից դեպի համալսարան
01.09.2023
Ճանապարհ՝ դպրոցից դեպի համալսարան

«Այս բախտորոշ ժամանակներում շատ արժեքներ այլ լույսի տակ են ներկայացվում։ Պատմաբանն ու հասարակագետն են, որ հասարակությանը պետք է ազգային ու պատմական ճշմարտությունը ներկայացնեն»,- այսօր Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա շրջանակներում առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց՝ ինչ-որ իմաստով այդ մասնագետները նաև հասարակության մեջ հավասարակշռողի առաքելություն պիտի ունենան։

Ֆակուլտետի դեկանն ու ամբիոնների վարիչները առաջին կուրսեցիներին ներկայացրին կրթական համակարգի առանձնահատկությունները, գնահատման և օնլայն համակարգը, կարևորեցին բարձր գնահատականներով ու գիտելիքներով սովորելու կարևորությունը։

Նրանք ընդգծեցին՝ 21-րդ դարում միջին կարողություններով մասնագետն այլևս տեղ չունի․ միայն հարուստ գիտելիքներով, հմտություններով զինված մասնագետը կարող է լինել մրցունակ։  

Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նշեցին նաև, որ այսօր, երբ կրթական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, ուսանողները պետք է գերազանցեն նախորդ սերունդներին․ դա զարգացումների տրամաբանության մեջ է։

«Սեպտեմբերի 1-ը, որ նշվում է նաև որպես Գիտելիքի և դպրության օր, հուզիչ է»,-նշում է Հայոց պատմության ամբիոնի վարիչի պրոֆեսորի պաշտոնակատար Էդիկ Գևորգյանը։ Նա նկատում է՝ յուրաքանչյուրն հիշում է իրեն առաջին դասարանում և ուսանողական նստարանին։ Մի քանի տասնամյակ արդեն իրենց բախտ է վիճակվել շնորհավորել ուսանողներին և ցանկանալ հաջող ուսումնական մեկնարկ․«Այսօր ամբողջ աշխարհը հասարակաքաղաքական ցնցումների մեջ է։ Կյանքի այս շրջանում գոնե բավարարված կզգանք, եթե մեր շրջանավարտները տարբեր ոլորտներում կայանան որպես իսկական մասնագետներ, լինեն ազգային մտածելակերպով հայեցի մանկավարժներ։ Այսօր մեր ազգաբնակչության շրջանում մեծ անտարբերություն կա ազգային խնդիրների շուրջ, և մենք ունենք մեծ անելիք՝ կոտրելու այդ կարծրատիպը։ Կարծում եմ՝ մեր բուհը, ֆակուլտետն ունեն այն ներուժը, որ կարողանան դրանք կյանքի կոչել»։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հորդորն է նորեկ ուսանողներին՝ շատ կարդալ, մշտապես ապրել կրթական միջավայրում, հնարավորինս ամեն ինչ քաղել համալսարանից՝ գիտելիքներ, փորձ, ընկերական շրջապատ, դառնալ մեր երկրի համար իսկապես առաքելություն իրականացնող ուսուցիչ․«Սեպտեմբերի 1-ը ոչ միայն գիտելիքի օր է, այլև նոր կյանքի սկիզբ, ճանապարհ՝ դպրոցից դեպի համալսարան»։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում ևս օրվա առթիվ հնչեցին բարեմաղթանքներ:

Ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը շնորհավորեց և մեկ անգամ ևս ընդգծեց բնագիտամաթեմատիկական ոլորտի մասնագիտությունների կարևորությունը։

Նա ներկայացրեց նաև Կառավարության որոշումն ու նշեց, որ ֆակուլտետի մասնագիտությունների գծով ուսանողների համար առաջին կուրսում սահմանվել է 70․000 դրամ կրթաթոշակ։ Հորդորեց՝ հաջորդ կուրսերում ևս բարձր առաջադիմություն ցուցաբերել՝ նկատի ունենալով, որ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով կրթաթոշակի բարձրացում կլինի։

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց՝ ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների: 21-րդ դարի ամենաարագ զարգացող, պահանջված և սիրված մասնագիտությունները հենց այս ոլորտում են։

Ուսանողները ծանոթացան ֆակուլտետի, ամբիոնների գործունեությանը, կրթական համակարգին և ուսումական տարվա առաջին օրը, ըստ դասացուցակի՝ սկսեցին ուսումնառությունը։ 

Բարձրորակ մասնագետներ կրթելու համար Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում պատրաստ են անել հնարավոր ամեն բան. պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպման առաջին իսկ օրը վստահեցրեց՝ կօգնեն, կաջակցեն, կփոխանցեն իրենց գիտելիքները:

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը ողջունեց առաջին կուրսեցիներին և շնորհավորեց կենսական կարևորության մասնագիտություններ ընտրելու առթիվ։

Ուսանողներին բարի երթ մաղթելով՝ նկատեց, որ բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետի բոլոր մասնագիտությունները հետաքրքիր են, կապված կյանքի և բնության հետ:

Նա հավելեց, որ ուսանողական տարիները շատ արագ են անցելու․ այդ ընթացքում պետք է հասցնել ամենակարևորը` լավ սովորել, զինվել գիտելիքներով և պատրաստվել համալրելու ֆակուլտետի մեծ ընտանիքն ու ապագայում դառնալու ուսուցչական մեծ բանակի մասնիկը։

Հանդիպման ընթացքում Ուսանողական խորհրդի անդամները ծանոթացրին ուսանողական խորհրդի ենթակառուցվածքներին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։