ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Չինական մշակույթի կենտրոն՝ Մանկավարժականում
10.12.2019
Չինական մշակույթի կենտրոն՝ Մանկավարժականում

Այսօր Մանկավարժական համալսարանում բացվեց չինական մշակույթի կենտրոն: Հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց դեսպանին և ընդգծեց, որ վերջին տարիներին արդյունավետ համագործակցություն է հաստատվել Մանկավարժականի և Չինաստանի մի շարք բուհերի միջև: Ռեկտորն առանձնակի կարևորեց բուհի Օտար լեզուների ֆակուլտետում և Հիմնական դպրոցում չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսուցանվելու հանգամանքը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհավորեց Մանկավարժականում չինական մշակույթի կենտրոնի բացման առթիվ և մաղթեց հաջողություններ:

«Մենք շատ ուրախ ենք կենտրոնի բացման առիթով, որը տեղի է ունենում այն ժամանակներում, երբ Չինաստանն ու Հայաստանը զարգացնում են իրենց հարաբերությունները տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլն: Ես կարծում եմ, որ համագործակցությունը շատ կարևոր է հատկապես երկու երկրների երիտասարդների համար»,-նշեց դեսպանն ու հույս հայտնեց, որ կենտրոնի բացումը ևս կնպաստի համագործակցության ամրապնդմանը:

ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սերգո Երիցյանը տարբեր տարիներին առիթ ունեցել է հետևելու հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: Նրա կարծիքով՝ կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն և լուրջ քայլ է հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն անդրադարձավ դեռևս վաղ ժամանակներից սկիզբ առնող հայ-չինական հարաբերություններին, երբ հայկական որդան կարմիրով էին պատում չինական մետաքսները, իսկ 12-13–րդ դարերի մատյաններում կան էջեր, որտեղ առկա են չինական մանրանկարչության ոճավորումներ: Արա Հակոբյանի կարծիքով՝ չինական կենտրոնի բացումը կնպաստի չինական արվեստի հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը:

Փոխադարձ այցեր, դասախոսություններ, մասնակցություն գիտաժողովների և այլն. ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանն ներկայացրեց Մանկավարժական համալսարանի և չինական բուհերի միջև գիտական համագործակցության մասին և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:

Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի ուսանողուհի Վան Սիջիան 4-ամսյա պրակտիկա է անցնում Մանկավարժական համալսարանում, ուսանողներին և հիմնական դպրոցի աշակերտներին ծանոթացնում չինական լեզվին մշակույթին: Ուսանողուհին վստահեցրեց, որ ինքը նույնպես սիրով և մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում հայկական մշակույթը, ապացույցը՝ դուդուկով «Դլե յաման»-ի կատարումը:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը հյուրերին ողջունեցին Մանկավարժական համալսարանի Հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք արտասանեցին և երգեցին չինարենով: