ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Չինաստանում մարդկանց հերթերը սկիզբ ու վերջ ուղղակի չունեն»
12.07.2019
«Չինաստանում մարդկանց հերթերը սկիզբ ու վերջ ուղղակի չունեն»

Չինական խոհանոց, մարտարվեստի, թեյախմության ու ձեռագործության դասեր. այս ամենը հունիսի 16-ին Չինաստանի Չունցին քաղաքի Հարավարևմտյան համալսարանում մեկնարկած «Ամառային դպրոց» ծրագրում։ Երկշաբաթյա ծրագրին մասնակցում էին ուսանողներ Կանադայից, Մոնղոլիայից, Չեխիայից, Թաիլանդից, Գերմանիայից և Հայաստանից։ Տարբեր մշակույթների կրողներ օրեր շարունակ փորձում էին բացահայտել ասիական սովորույթների, ճաշատեսակների, ապրելակերպի առանձնահատկությունները, ծանոթանալ չինացիների կրոնական հավատալիքներին։

Ամառային դպրոցի անմոռանալի տպավորություններից խոսեցին Գերմանիայի մասնակիցները.

«Մենք նախապաշարմունքով էինք վերաբերվում Չինաստանի տնտեսությանը, քաղաքականությանը և մշակույթին։ Կարծում էինք՝ այստեղ չեն մտահոգվում շրջակա միջավայրի մասին։ Մտածում էինք, որ չինացի ուսանողները զբաղված են միայն սովորելով, սակայն այդ ամենն իրականությանը չէր համապատասխանում։ Այստեղ հասկացանք, որ գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են ոչ միայն պահպանել բնությունը, այլև վերականգնել այն հատվածը, որը մեծապես տուժել է չինական տնտեսության արագընթաց զարգացման հետևանքով»։

Եթե երբևիցե հնարավորություն ունենաք լինելու Չինաստանի՝ մեծությամբ չորրորդ՝ Չունցին քաղաքում, չզարմանաք։ Դուք ջունգլիներում չեք, պարզապես այստեղ, ի տարբերություն Հայաստանի, շատ են կանաչ տարածքները։ Չունցինում տնտեսության առաջատար ճյուղը ծանր արդյունաբերությունն է, այդուհանդերձ քաղաքում տարատեսակ ծառերի, կանաչ տարածությունների պակաս չկա։ Զարգացնել տնտեսությունը՝ բնությանը վնաս չտալով. այս սկզբունքն են որդեգրել այստեղ։ Հենց միայն սրա համար կարելի է սիրել Չինաստանը։

Չզարմանաք, որովհետև խանութներում ձեզ կարող են հյուրասիրել գեղեցիկ փաթեթավորված կոնֆետ, որը..․կծու է։ Չունցինը հայտնի է իր չափից դուրս կծու խոհանոցով։ Ապարդյուն կլինեն ձեր ջանքերը, եթե փորձեք պատվիրել ոչ կծու ճաշատեսակ։ Չունցինում ամեն ինչ շատ կծու է, բայց և շատ համեղ։ Ստիպված եք լինելու համակերպվել և համտեսել կենդանիների ներքին օրգաններով եփվող հայտնի ճաշատեսակը, ութոտնուկները և չինական բազում այլ նրբախորտիկներ։

Միացեք փողոցում պարող մեծահասակներին. կսովորեք չինական պարի մի քանի շարժում։ Չընկճվեք, եթե միշտ ուշադրության կենտրոնում լինեք. Չունցինում օտարերկրացիները համեմատաբար քիչ են։ Չհուսահատվեք, եթե հերթերի պատճառով չհասցնեք նստել ձեր երազանքի ատրակցիոնը կամ էլ Յանցզե գետը հատել ճոպանուղիով, որովհետև սա Չինաստանն է, ու այստեղ մարդկանց հերթերը սկիզբ ու վերջ ուղղակի չունեն։

Նշենք, որ արդեն 3-րդ տարին է՝ Մանկավարժական համալսարանի և Չինաստանի Չունցին քաղաքի Հարավարևմտյան համալսարանի ուսանողները մասնակցում են «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին. երկու բուհերի ուսանողները, մասնակցելով ծրագրին, ծանոթանում են միմյանց կրթական համակարգին, մշակույթին, անցկացնում հիանալի ժամանակ:

Նյութը՝  Հասմիկ Կոշկարյանի

ՀՊՄՀ-ի ուսանող, Հարավարևմտյան համալսարանում կազմակերպված«Ամառային դպրոց» ծրագրի մասնակից