ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Չկան անկարող մարդիկ, կա կարողունակ հասարակություն»
05.04.2019
«Չկան անկարող մարդիկ, կա կարողունակ հասարակություն»

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որի շրջանակներում ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը կազմակերպել  էր գիտաժողով: 

Ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց «Աուտիզմ, մարտահրավերներ, հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով գիտաժողովի անցակցումը, որը հնարավորություն կտա զեկույցների ձևով անդրադառնալ աուտիզմի հիմնախնդիրներին, գտնել դեռևս 20-րդ դարից փոխանցված  և չբացահայտված խնդիրների լուծումներ:

Դեկանն ընդգծեց՝ թեև աուտիզմի մարտահրավերներով զբաղվում են գիտության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ մանկավարժությունը, և կան խնդրի ձևակերպման մոտեցումներ, սակայն դեռևս չի գտնվել խնդրի լուծման որևէ հստակ մեթոդ կամ մոդել, որով կարելի է առաջնորդվել. «Մենք պետք է ներկայացնենք աուտիզմի ձևակերպման դիտարկումները, իսկ ուսանողներն իրենց ղեկույցներում կներկայայացնեն մանկավարժական մոտեցումներ՝ հասկանալու այն ճանապարհը, որով անցնում են աուտիկները»:

«Չկան անկարող մարդիկ, կա կարողունակ հասարակություն». սա էր օրվա կարգախոսը, ինչի խորհրդանիշը ափը բաց մեկ ձեռքն է, որը նշանակում է՝ պետք է գործի դնել նաև մյուսը՝ օրեցօր մեծացող խնդրի մասին հասարակությանն իրազեկելու և հնչեղություն արտահայտելու համար:

Սիրանուշ Կարապետյանը ներկայացրեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը, ըստ որի՝ տարեցտարի ավելանում է աուտիզմով մարդկանց թիվը. գերակշռողը տղաներն են. «Ժամանակն է համախմբել տարբեր ոլորտների գիտական ներուժը, և ախտանիշները ձևակերպելուց զատ, գտնել նաև կանխարգելման ուղիները»:

Ուսանողներն իրենց զեկույցներում անդրադարձան աուտիզմի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքներ ունենալու, թիմային աշխատանքի կարևորությանը, խնդրի առաջացման պատճառներին, իսկ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանն էլ խոսեց աուտիզմ ունեցող անձանց ֆիզիկական զարգացման և ռեաբիլիտացիայի խնդիրների մասին և ներկայացրեց  աուտիզմի վաղ ախտորոշման 10 ախտանիշներ:

Շուրջ երկու տասնյակ զեկուցումներում անդրադարձ արվեց աուտիզմի ախտորոշման գործիքակազմին, աուտիզմ ունեցող անձանց խոսքային հաղորդակցման առանձնահատկություններին, արտթերապևտիկ տեխնիկաներին՝ որպես հաղորդակցման զարգացման միջոցների, հոգեկանի տեսության ուսումնասիրություններին, աուտիզմի հաղթահարման արդի մոտեցումներին, աուտիզմի մասին հետաքրքիր փաստերին, աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների տարբերություններին գերշարժումային համախտանիշ ունեցող երեխաներից և այլ հարցերի:

Գիտաժողովին մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, կրթության, գիտության, սփյուռքի և մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը, որը որպես արտթերապևտ և հոգեբան երկար տարիներ աշխատել է դպրոցում, զարգացման տարբեր կենտրոններում և խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր հարթակներից, իրազեկել հասարակությանը, որ այս երեխաներն ունեն մի առանձնահատկություն՝ տարբերվում են բոլորից, բայց և նման են բոլորին:

«Մենք խնդիրը պետք է տեսնենք այնտեղ, որտեղ նրանց չենք հասկանում: Երբ խնդիրը լուծենք, մենք նրանց համար կլինենք հասանելի, նրանք էլ մեզ կհասկանան»,-նշեց Սոֆյա Հովսեփյանը և ընդգծեց, որ համընդհանուր ներառման վերաբերյալ օրենքն ունի լրաշակման կարիք. դա առավել տեսանելի է գործնականում: