ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Չորեքշաբթի»-ն 4 տարեկան է
20.03.2017
«Չորեքշաբթի»-ն 4 տարեկան է

Մարտի 11-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 202–րդ հանդիպումը:

4 տարի առաջ չորեքշաբթի օրը ՀՊՄՀ-ում ստեղծվեց գրական ակումբը եւ կոչվեց «Չորեքշաբթի»:

Գրադարանի տնօրեն, ակումբի հիմնադիր, «Զորավար» հիմնադրամի նախագահ Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց 2013-ին հիմնադրված ակումբի ստեղծման նպատակը, գործունեությունը, անելիքներն ու ձեռքբերումները: Վերջինս նկատեց, որ կան մի շարք ակումբներ, որոնք չեն դիմանում ժամանակի փորձությանն ու լուծարվում են: Պատճառը, ըստ ակումբի հիմնադիրի, մարդկային ամբիցիաներն են.««Չորեքշաբթի»-ն ապրեց ու հաղթահարեց իր ծննդյան դժվարությունները: Այս ընթացքում տպագրվել է 4 գիրք, որոնք իրենց մեջ ամփոփել են 200-ից ավելի մարդկանց ստեղծագործություններ»:

Տիգրան Պետրոսյանցը նշեց նաև, որ ակումբի հիմնադրման օրերին առանցքը ՀՊՄՀ-ն էր, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ՝ միայն մի կառույցի վրա չպետք է հիմնվել, եւ այն դարձրին հայաստանյան կառույց. «Մենք կառույց ստեղծեցինք նաեւ Արցախի համալսարանում, կապ հաստատեցինք Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հետ: Սա գրական հարթակ է ստեղծագործող երիտասարդների համար, որի նպատակն է նրանց զինել ազգայի արժեքներով, զարգացնել երիտասարդների ստեղծագործական հնարավորությունները»:

Ակումբի տարեդարձին ներկա էին ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ստեղծագործողներ, ասմունքողներ, երաժիշտներ, հոգևորականներ:

Միջոցառման ընթացքում կայացավ «Չորեքշաբթի Դ» հատորի, ինչպես նաև երկու այլ գրքերի շնորհանդես, եղան շնորհավորանքներ, ելույթներ, վկայականների հանձնում, ասմունք, երգ, պար:

«Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրին ակումբի մի շարք անդամներ.դրանց շուրջ ծավալվեց քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում ընթերցվեցին ակումբի անդամների հեղինակած բանաստեղծությունները:

Ստեղծման օրից առ այսօր «Չորեքշաբթի» գրական ակումբն ամեն շաբաթ կազմակերպում է հանդիպում-քննարկումներ.մինչ օրս կայացել է 201 հանդիպում: Ակումբում ընդգրված են երիտասարդներ տարբեր շրջաններից. այն ունի 200-ից ավելի անդամ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից:

«Չորեքշաբթի» գրական ակումբ են հաճախում նաեւ ուսանողներ Գանայից ու Սուդանից.նրանք Դիլիջանի միջազգային դպրոցի սաներ են: