ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ անկախության տոնին ընդառաջ
17.09.2021
Ցուցադրություն՝ անկախության տոնին ընդառաջ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Մանկավարժական համալսարանում կայացավ նույնանուն խորագիրը կրող ցուցահանդես:

Ցուցադրությանը ներկայացված էին Հայաստանի անկախության տարիների նշանակալից դեպքերի, մեր և բարեկամ երկրների հետ համատեղ թողարկված, ինչպես նաև  Արցախի Հանրապետությանը նվիրված նամականիշներ, դրոշմանիշներ  և բացիկներ:

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Աշոտ Բաբախանյանի նամականիշների անձնական հավաքածուից բացի, թանգարանում ներկայացված են նաև  նախորդ տարիների  տարբեր ասպարեզներում ունեցած նվաճումներն ու կորուստները:

Անկախության տոնին նվիրված ցուցադրությանը ներկա Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը փոքրիկ, բայց նշանակալից իրադարձություն  համարեց այն.«Պատմությունը,  պատմական ժառանգությունը սերունդների համար հետագա ճանապարհն անցնելու կարևորագույն  բաղկացուցիչներից է: Բոլոր ազգերի մեծագույն երազանքն անկախությունն է, իսկ այս ցուցադրությանն ամբողջականացված է դրան հասնելու ուղիները: Անկախության հռչակագիրն ու դրան նախորդած իրադարձությունները մեր բազմադարյան ճանապարհորդության կարևորագույն ձեռքբերումներից  է: Անկախ Հայաստանը  լուրջ մարտահրավերներ է հաղթահարել. այսօր էլ գտնվում ենք  բարդ գոյաբանական խնդիրների առջև, բայց  մեր ժողովուրդն իր իմաստության շնորհիվ պարտավոր է պահպանել դժվարությամբ ձեռքբերածը»:

Մանկավարժականի ռեկտորը շնորհավորեց  ներկաներին անկախության տոնի առթիվ և ընդգծեց, որ կազմակերպված ցուցադրությունը նախանշում է  նաև բուհի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն ու  տրամաբանական կապը:

«Անկախությունը գերագույն արժեք է և ընդամենը օրեր անց նշելու ենք ցանկացած պետության համար ամենանվիրական օրը՝ անկախության տոնը, և գիտակցումը,  որ նոր սերունդը  պետք է արժևորի այն, ինչ ձեռք  է բերվել նախորդ սերունդների  կողմից, չափազանց կարևոր է:  Մենք՝ պատմաբաններս, լավ գիտենք՝ անկախություն ձեռք բերելը դժվար է, իսկ առավել դժվար է այն պահպանել: Պետականությունն ամրապնդելու, շենացնելու և  հզորացնելու գործում մեծ առաքելություն ունի անկախության սերունդը»,-նշեց Պատմության և հասարակագիտության  ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:

ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն էլ նկատեց՝ մեր երկրի պատմությունը ոչ միայն  զետեղված է դասագրքերում, այլև նմանատիպ հավաքածուներում. չլիներ մեր անկախությունը, չէին  լինի նաև  այս նամականիշները.«Աշոտ Բաբախանյանը ոչ միայն լավագույնն է որպես կենսաքիմիկ, այլև իր ողջ գիտակցական կյանքում լինելով նմուշահավաք, լավագույնն է նաև այդ ոլորտում»:   

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Աշոտ Բաբախանյանը միացավ օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին և իր հավաքածուում կարևորեց հատկապես այլ երկրների հետ համատեղ թողարկված նամականիշները:

Ի դեպ,  Աշոտ Բաբախանյանը նամականիշների անձնական հավաքածուից ամենավերջին, թարմ նմուշը, որ օրերս էր շրջանառվել և պատկերում էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, նվիրեց ՀՊՄՀ ռեկտոր Աշոտ Խոյեցյանին:

«Սա մի  ժամանակաշրջան մասին է, որ ապրել ենք, սա մեր կյանքի մասին  է, և  լավ առիթ՝ վերհիշելու, ինչու ոչ՝ արժևորելու և դասեր քաղելու անցյալից՝ ապագայի համար»,-կարևորելով ցուցադրությունը՝ հավելեց Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը:

Այցելուները հնարավորություն ունեցան հավաքածուից բացի,  էկրաններից տեսասալիկով ծանոթանալ  վերջին 30 տարիների ընթացքում բուհի գործունեությունը, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների մասին պատմող տեսանյութին:

Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը: