ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ «Արարման խաչմերուկում»
17.05.2019
Ցուցադրություն՝ «Արարման խաչմերուկում»

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահում բացվել է ֆակուլտետի ՈւԽ-ի նախագահ, մագիստրոս Զարուհի Խաչատրյանի աշխատանքների ցուցահանդեսը:

«Արարման խաչմերուկում» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված են մագիստրոսի տարբեր տարիների աշխատանքները՝ վարժարանում ուսանելու տարիներից մինչև մագիստրատուրա:

Ուսանողուհու կարծիքով՝ նման ցուցադրությունը, որտեղ ներկայացված են նաև «Դալի» նկարչական դպրոցի իր սաների աշխատանքները, յուրօրինակ ձևաչափ է ամփոփելու ուսանողական տարիների ստեղծագործական կյանքն ու շնորհակալություն հայտնել դասախոսներին՝ գիտելիքներ և արվեստի հանդեպ սերն իրեն փոխանցելու համար:

«Ես թևակոխում եմ կյանքի նոր փուլ և արարման խաչմերուկում արդեն իսկ կողմնորոշվել եմ՝ գնալ  արվեստի ուղղությամբ»,-նշեց Զարուհի Խաչատրյանն ու վստահեցրեց՝ միևնույն ժամանակ կզբաղվի նաև մանկավարժությամբ. այն օգնում է ինքնակատարելագործվել:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհավորեց Զարուհի Խաչատրյանին ցուցահանդեսի բաման առթիվ և բարձր գնահատեց նրա աշխատանքները և´ որպես պրոֆեսիոնալ նկարչի, և´ որպես հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող ուսանողի:

«Սա երկու միջոցառում է մեկ հարկի տակ. ներկայացված  են ուսանողի՝ մեծ վարպետությամբ կատարված աշխատանքները և դրանց կողքին՝ նրա մանկավարժական գործունեության արդյունքը: Նրա սաների աշխատանքներից ևս հորդում է մանկան մաքրություն, ինչը խոսուն վկան է մեր շրջանավարտի՝ հաջողված մանկավարժ լինելու մասին»,-հավելեց ֆակուլտետի դեկանը:

Ցուցադրության առթիվ ուսանողին շնորհավորեց նաև Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանը և հավելեց` թեև երկար տարիներ չէ, որ աշխատում է բուհում, բայց մշտապես զգացել է` Գեղարվեստական կրթության ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում ցուցադրություններ, մշակութային ձեռնարկներ. դա Զարուհի Խաչատրյանի՝ որպես Ուսանողական խորհրդի նախագահի հաջողված գործունեության մասին է վկայում:

Ուսանող, գեղանկարչություն, հասարակական և գիտահետազոտական աշխատանք. սրանք այն ոլորտներն են, որոնցում ուսանողուհու աշխատանքը բարձր գնահատեց Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը և հույս հայտնեց, որ  հետազոտական աշխատանքի  արդյունքները հատկապես տեղ կգտնեն նկարչության ապագա  ուսուցիչների մանկավարժական պրակտիկայում:

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն էլ կառույցի անունից շնորհակալություն հայտնեց Զարուհի Խաչատրյանին համատեղ արգասաբեր աշխատանքի համար և նրան հանձնեց շնորհակալագիր: