ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ ՀՊՄՀ Հունգարական կենտրոնում
14.03.2025
Ցուցադրություն՝ ՀՊՄՀ Հունգարական կենտրոնում

ՀՊՄՀ Հունգարական կենտրոնում այսօր բացվեց ցուցադրություն՝ նվիրված 1848-1849 թվականներին տեղի ունեցած Հունգարական հեղափոխությանը, բռնապետության դեմ հայերի ակտիվ մասնակցությանն ու պայքարին։

Ինչպես նշեց Հունգարական կենտրոնի ղեկավար Դանիել Գադզիկը՝ ցուցադրությունը ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասին է, ինչը ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների միջև եղած դարավոր կապը։

Հրավիրյալ դասախոս Դանիել Գադզիկը, որ նաև բուհի գործընկեր Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի ասպիրանտ է, առաջարկեց ընթերցել ներկայացված նյութերը, գրքերը, ընդգծելով՝ դրանք ոչ միայն Հունգարիայի, այլև հայոց պատմության մաս են։

Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված պաստառներում տեղ են գտել նյութեր՝ դասական սփյուռքի կարևոր համայնքներից մեկի՝ Տրանասիլվանիայի, այնտեղ ապրող հայերի, նրանց դերակատարմանը տնտեսության մեջ, ինքնությունը պահպանելուն միտված ջանքերին, մշակութային հարուստ ժառանգությանը և այլն։

Ցուցադրությանը ներկա ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ողջունեց նախաձեռնությունն ու ընդգծեց կենտրոնի կարևորությունը բուհի գիտակրթական կյանքում։

Նրա դիտարկմամբ՝ նորաբաց կենտրոնը երկու երկրների միջև վերականգնված հարաբերությունների խորհրդանիշն է, իսկ հայ ուսանողներն իրենց ակտիվ ներգրավվածությամբ կարող են վերհանել մեր երկրից դուրս հայերի ունեցած դերակատարմանն ու պատմության մեջ թողած հետքին վերաբերող մանրամասներ․ «Լինելով ապագա մանկավարժներ՝ կարևոր է, որ դուք այս պատմությունը փոխանցեք գալիք սերունդներին։ Մեզ նման փոքր ազգերի համար կարևոր է սեփական ինքությունը պահել ոչ միայն հայրենի հողում, այլև դրա սահմաններից դուրս»։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը խոստովանում է՝ տարիներ առաջ անհավանական էր համարում, որ երկու երկրներում փոխադարձաբար կհիմնադրվեն հայագիտության ամբիոն և հունգարագիտական կենտրոն։ Այսօր այդ իրականություն է․ 10 ուսանող Հունգարագիտական կենտրոնում սովորում է հունգարերեն, ուսումնասիրում պատմությունն ու մշակույթը, իսկ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտն էլ, որն ուսանել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում, նորագույն Հայաստանի պատմության մեջ առաջինն է, որ գիտականորեն կուսումնասիրի հայ-հունգարական հարաբերությունները։

Էդգար Հովհաննիսյանը հորդորեց ուսանողներին բաց չթողնել բացառիկ հնարավորությունն ու Հունգարագիտական կենտրոնում անվճար սովորել նոր լեզու, ինչն ապագայում մեծ հնարավորություններ կստեղծի։

Նա երկու բուհերի միջև համագործակցության կարևոր խորհրդանիշներից համարեց Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում մագիստրոսական կրթություն ստացած, այսօր արդեն ՀՊՄՀ ասպիրանտ Տաթև Արշակյանին, որը ևս ներկա էր ցուցադրությանը։

Վերջինս կարևորեց կենտրոնի գործունեությունն ու խոսեց միջազգային ծրագրերին մասնակցելու, օտար լեզվի իմացության կարևորության մասին՝ գիտական հետագա ակտիվ գործունեություն ծավավելու տեսանկյունից։