ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն. ստեղծագործում են մագիստրոսները
07.06.2018
Ցուցադրություն. ստեղծագործում են մագիստրոսները

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահում բացվեց Կերպարվեստի բաժնի մագիստրոսների գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը, ղեկավար՝ մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Քեշիշյան:

Շուրջ 45 աշխատանքներում ուսանողները ներկայացրել են հիմնականում բնորդների՝ փորձելով ճշգրտորեն ներկայացնել կերպարը՝ իր անատոմիական ճշգրտությամբ և բնավորությամբ:

Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհավորեց ուսանողներին ցուցադրության կազմակերպման առթիվ և խոստովանեց՝ արդեն երկու օր ուսումնասիրում է աշխատանքները, որոնց մի մասը մեծ վարպետությամբ են կատարված:

Հաճախ կազմակերպվող ցուցադրություններից Արա Հակոբյանը սա առանձնացնում է. ստեղծագործությունները կատարված են ռեալիստական գիտելիքներով, ինչը լուրջ քայլ է արվեստի խորն ու դժվարին կյանքում:

«Վերածննդի ժամանակաշրջանում ինքնահաստատման կարևոր քայլ էր, երբ մեծագույն վարպետներն իրենց սաներին դիմանակար անել էին սովորեցնում. դիմանկարով էր հաստատվում նկարչի էությունը, քանի որ դժվար է տեսնել կերպարին բնորոշ էությունը»,-նշեց Արա Հակոբյանն ու վստահեցրեց, որ պատրաստ են աջակցել բոլոր ուսանողներին մասնագիտական կայացման ճանապարհին:

Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանը նկատում է, որ ուսանողներին հաջողվել է աշխատանքներում արտահայտել իրենց գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:

«Ի տարբերություն բակալավրիատի, որտեղ ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ, կատարում ուսումնական առաջադրանքներ, մագիստրատուրայում զարգացնում են ստեղծագործական կարողությունները: Բոլոր աշխատանքները կատարվել են արվեստանոցում՝ բնորդների առկայությամբ և մեր մշտական աջակցությամբ. ընթացքին հետևել եմ, ուղղորդել, բայց չեմ պարտադրել»,-հավելեց պրոֆեսոր Քեշիշյանն ու հավելեց՝ մագիստրոսների մեծ մասը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասվանդելով դպրոցներում և խմբակներում:

Կերպարվեստի ամբիոնի վարիչի տեղակալ, դոցենտ Միսաք Մելքոնյանն էլ հավելում է ՝ աշխատանքներում միահյուսված է առաջադրանք-ստեղծագործություն գաղափարը, ուր արտահայտված է կոմպոզիցիոն մտածողությունը:

«Ոգևորված եմ, քանի որ այս նկարները ստեղծված են ակադեմիական բարձր գիտելիքների հիմքի վրա: Պետք է օգտագործել և կատարելագործել ունեցած գիտելիքներն ու կարողությունները»,-նկատեց Միսաք Մելքոնյանը:

Գագիկ Ավետիսյանը մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է, ցուցադրության է ներկայացրել 5 աշխատանք:

«Բնորդներին նկարում ենք այնպիսի բարդ ֆիգուրներով, որ դրանք լինեն ոչ միայն որպես ուսանողական աշխատանքներ, այլև ներկայացնեն որևէ վիճակ պատկերող կոմպոզիցիոն աշխատանքներ: Կերպարվեստում ամենաբարդը մարդ նկարելն է՝ իր անատոմիական ճշգրտությամբ և բնավորությամբ»,- aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց մագիստրոսը:

Գագիկ Ավետիսյանն նշեց նաև, որ ուսանողական տարիներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ, սակայն մեծագույն ձեռքբերում է համարում մանկավարժությամբ զբաղվելը. արդեն իսկ դասավանդում է դպրոցում և նպատակ ունի ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում: