ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես-միջոցառում Սկզբնական կրթության ֆակուլտետում
13.11.2024
Ցուցահանդես-միջոցառում Սկզբնական կրթության ֆակուլտետում

ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ոսկի աշուն» ցուցահանդես-միջոցառում։

Ցուցադրության նպատակն էր ներկայացնել ուսանողների ստեղծած դիդակտիկ նյութերն ու ուսումնական պարագաները, փոխանակվել գաղափարներով, ձեռք բերել նոր նյութեր պատրաստելու հմտություններ։

Կենտրոնանալ ուսումնական նպատակների վրա, խրախուսել բառապաշարի ստեղծումը, սովորեցնել երեխաներին խնամքով վերաբերվել բնությանը, հասկանալ բույսերի և կենդանիների կարևորությունը, զարգացնել նախադասություններ կազմելու հմտություններ, մտածողություն ու ստեղծագործականություն, կարճ ժամանակում կատարել թվաբանական գործողություններ և այլն։ Ինչպես նշեցին իրենք՝ ուսանողները, «Ոսկի աշուն» խորագիրը խորհրդանշում է ոչ միայն աշնան փայլն ու գույները, այլև այն հարուստ ուսուցողական նյութերը, որոնք ապագա մանկավարժները պատրաստել են որպես իրական արժեք՝ իրենց մասնագիտական զարգացման համար։

Նրանք կարծում են, որ նման միջոցառումները ոչ միայն խթանում են մասնագիտական զարգացումը, այլև ստեղծում համագործակցության և փորձի փոխանակման նոր հարթակներ, որոնք արժեքավոր են հատկապես կրթության ոլորտում։

Սկզբնական կրթության ՈւԽ նախագահ Արուս Այվազյանը www.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց միջոցառմանը ֆակուլտետի բոլոր կուրսերի ուսանողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ստեղծված աշխատանքները, բացի 1-ին կուրսի դեպքում, կիրառվել են նաև պրակտիկաների ընթացքում և արդյունավետ եղել։ Նա ստեղծված դիդակտիկ նյութերը, ուսումնական պարագաններն իրական արժեք է համարում․դրանք զարգացնում են զգացականությունն ու օգտագործվում աշխատանքային գործընթացներում։

Ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը հասցրել է ծանոթանալ ստեղծված աշխատանքներին։ Նա բարձր գնահատեց ուսանողների մտքի և երևակայության թռիչքը, կրեատիվ առաջադրանքներն ու տարբեր մեթոդիկաներից և տարբեր առարկաներից ստացած հանձնարարությունները։ Ըստ նրա, մեր օրերում և անսովոր իրավիճակներում չափազանց կարևոր է ապագա մանկավարժների մոտ զարգացնել կողմնորոշվելու կարողությունը։ Նա նաև ընդգծեց, որ բացի գեղեցիկ ձեռագործ աշխատանքներից, դրանք առանձնանում են իրենց նպատակով, կրթական բովանդակությամբ։ Ասում է՝ սա մասնագիտության մեջ ուսանողական հասունության նշան է։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն էլ կարևորեց, որ ուսանողները հասկացել են իրենց աշխատանքի նպատակն ու դրան հասնելու ճիշտ ճանապարհներ ընտրել։