ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես Մանկավարժականում
23.09.2021
Ցուցահանդես Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ ներկայացված էին դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաբնույթ նմուշներ՝ գոբելեն, բատիկ, գործվածքներ, ոսկերչություն, մանրանկարչությnւն, փայտի, մետաղի գեղարվեստական փորագրություն և այլն:

Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանը ցուցադրությունն ինքնատիպ ու խորհրդանշական համարեց՝ նկատելով, որ ներկայացված են խիստ հայկական գործեր․դրանում մեծ ներդրում ունեն նաև ՀՊՄՀ տարբեր տարիների շրջանավարտները, որոնք այսօր ուսումնարանի ուսումնական վարպետներ են.«Փորձը ցույց է տալիս, որ ձեզնից շատերը բարձրագույն կրթություն ստանալու համար դիմում են Մանկավարժական համալսարան. արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված 1-ին կուրսի ուսանող Արամ Խաչատրյանը նույնպես այս ուսումնարանի սան էր: Վերջինիս աշխատանքն այսօր զարդարում է ցուցահանդեսը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց՝ գեղեցիկ ստեղծագործություններով հարուստ այս ցուցադրությունը նաև մեր տղաների հիշատակի առջև յուրատեսակ խոնարհում է:

Ցուցահանադեսին ներկա էր նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը, որը կարևորեց կրթական երկու հաստատությունների համագործակցությունն ու հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական. «ՀՊՄՀ-ն այն բուհերից է, որն ունի խիստ արտահայտված մշակութային ուղղվածություն.սա առանձնահատկություն է, որ բնորոշ է բարձր վարկանիշ ունեցող բուհերին: Համալսարանական մշակույթը չափազանց կարևոր է նաև հասարակության համար, իսկ արհեստավարժ մասնագետները կրկնապատկում են այդ վարկանիշը: Որակյալ կադրեր ունենալը բոլորիս նպատակն է. դրա շնորհիվ է նաև հնարավոր պահպանել մշակութային ժառանգությունը»:


27 տարի առաջ Մանկավարժական ինստիտուտն ավարտած Լուսինե Բարսեղյանը տևական ժամանակ է, որ ղեկավարում է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանը: Նկատում է ՝ բազմաթիվ ցուցադրություններ են ունեցել, սակայն այս մեկն առավել պատասխանատու է. մի կրթօջախում են, ուր արվեստն է տիրում.«Ժամանակին, երբ երազում էի դառնալ մանկավարժ, չէի պատկերացնում, որ հետագայում իմ սաները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնել հարազատ կրթօջախում: Նախնական կրթության համար ուսումնարան եկածներին ասում ենք՝ հանդիպեցինք՝ մենք ու արվեստը: Կարծում եմ՝ բարձրագույն կրթություն ստանալու համար համալսարան եկած մեր սաներից լուրջ դժգոհություններ չեն լինի: Մանկավարժությունը լավագույն մասնագիտությունն է, իսկ արվեստագետը՝ աշխարհին ու մարդկանց մաքուր, պարզ, ազնիվ հայացքով նայողը: Սիրով կլսենք ձեր խորհուրդներն ու նկատառումները»,-նշեց տնօրենն ու հույս հայտնեց, որ ցուցադրված աշխատանքները մասնագիտական աչքով շատ խիստ չեն դատի. 14-18 տարեկանների աշխատանքներում շատ սեր կա:

Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը: