ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեխնոլոգիական կրթության ամբիոնի նախաձեռնությամբ բացվեց ձեռքի աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։
Ցուցադրությանը ներկայացված էին ինչպես «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտության ուսանողների, տարբեր տարիների շրջանավարտների, այնպես էլ հանրապետության մի շարք դպրոցների մասնագետների և աշակերտների պատրաստած աշխատանքերը։
Թաղիքագործության գեղարվեստական նմուշներից մինչև փայտարվեստ ու գորգագործության ինքնատիպ նմուշներ․ ցուցադրությունը չէր շրջանցել նաև դիպլոմային և հետազոտական աշխատանքների շրջանակում ստեղծած գիտական նորարությունները։
Տեխնոլոգիական կրթության ամբիոնի վարիչ Արտակ Սահրադյանը նկատում է՝ ձեռնարկը լավ առիթ է՝ մեկ անգամ ևս ապացուցելու, որ Մանկավարժականը դարբնոց է, որտեղ կրթում են բարձրորակ ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակում հայրենասեր քաղաքացի։
Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Ասատրյանը ՀՊՄՀ-ի շրջանավարտ է․ խոստովանում է՝ իր և աշակերտների ձեռքով պատրաստած ու ցուցադրությանը ներկայացված գորգերը, տիկնիկները, զարդերը նման որակ չէին ունենա, եթե չլիներ բուհում ուսումնառությունը։
Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին իր աշխատանքներն էր ներկայացրել նաև Երևանի թիվ 177 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Կարինե Շամիրյանը։
33 տարվա տեխնոլոգիայի ուսուցչուհին, որ նաև «Թաղիքագործ վարպետ»-ի որակավորում ունի, ցուցահանդեսին ներկայացրել էր Մարաշի հայկական մշակույթը՝ ասեղնագործ պայուսակներ, շարֆեր, տարատեսակ աքսեսուարներ։ Տպավորված է՝ ներկայացված աշխատանքների որակով, բազմազանությամբ։
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչ Վլադիմիր Մկրտչյանն էլ ցուցահանդեսում նորամածություն է համարում իրենց պատրաստած խաչքարագործության առաջին նմուշները։
Վերջինս aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ թղթից, ստվարաթղթից, դպրոցական թափոններից պատրաստված աշխատանքները սիրո և նվիրումի արդյունք են։
Բազմամյա ուսուցիչը նկատում է՝ դեռևս 30 տարի առաջ, երբ սկսեց դասավանդել «Տեխնոլոգիա» առարկան, անգամ դասագիրք չկար․ այսօր դասագիրք կա, բայց երբեմն դրանից շեղվելու գայթակղությունն է մեծ։
Ցուցահանդեսը կլինի շարունակական․ այն հնարավորություն կտա ներկայացնել առարկայի շրջանակում ստեղծած նոր ու հետաքրքիր նմուշներ, իսկ մասնագետների շրջանում նպաստել փորձի փոխանակմանը։