Մանկավարժական համալսարանում այսօր բացվեց Ներսիսյան հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես։
Ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ, որոնց բնօրինակները պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի թանգարանում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում և Լևոն Չիդիլյանի մասնավոր հավաքածուում։
Ցուցահանդեսին ներկա էին ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն, վրացահայ հասարակական գործիչ, մտավորական, ցուցահանդեսի կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը, ՀՊՄՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։
ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեսայանն կարևորեց ցուցահանդեսն ու խորհրդանշական համարեց, որ այս օրերին, երբ երկու երկրները միևնույն մարտահրավերների, դժվարությունների դիմագրավման ճանապարհին են, խոսվում է հատկապես կրթական կապի մասին։
Նախարարը Ներսիսյան դպրոցը եզակի երևույթ համարեց և պատահականություն չդիտարկեց, որ ցուցահանդեսը բացվում է Մանկավարժական համալսարանում․ դպրոցի երևելիներից շատերը մանկավարժներ են, որոնց թողած ժառանգությունը կարելի է ուսումնասիրել ամիսներ շարունակ, հասկանալու այն հայացքները, որոնք մանկավարժության, դասավանդման մոտեցումների ամենանորար և առաջադեմ գաղափարներն են եղել և իրենցով, տասնամյականեր շարունակ, պայմանավորել են նաև մեր մանկավարժության էությունն ու մոտեցումը․ «Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը շարունակությունն է այն մանկավարժության և կրթության պատմության, որը կերտվում է այսօր բուհում՝ ի նպաստ մեր երկրի զարգացման։ Կարևոր է հնարավորություն ունենալ արժևորելու այն ժառանգությունը, որ ունենք և խոսել դրա մասին՝ վաղվա օրվա տեսանկյունից»,-նշեց նախարարն ու հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կունենա շատ այցելուներ։
Հայաստանում Վրաստանի դեսպան Ջորջ Շարվաշիձեն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին․ հունվարին ցուցահանդեսը բացվել էր Կովկասյան համալսարանում՝ Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում։
Դեսպանն ընդգծեց՝ կրթահամալիրն իսկապես եղել է կրթության, մտավորականության օրրան՝ նշանակալի բարեփոխումներով։ Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ՝ դեսպանն իր համար առանձնացրեց Նիկոլ Գալանդերյանի սովորելու ժամանակահատվածը, խոսեց դպրոցի կյանքում ունեցած Մանթաշովի դերակատարման մասին և հույս հայտնեց, որ ապագայում հայ գործընկերոջ շնորհիվ հարստացված լուսանկաներով նոր ցուցահանդես կբացվի երկու երկրներում։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ցուցահանադեսի բացման հիմքում երեք կարևոր խորհուրդ է տեսնում․ Ներսիսյան դպրոցն այսօր էլ շարունակում է երկու երկների բարեկամության կամուրջ լինել․ Մանկավարժական համալսարանը կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը, որը երեք տարի ուսանել է Ներսիսյան դպրոցում։
Նա կարևորեց նաև այն, որ Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում, որտեղ այժմ գործում է Կովկասյան համալսարանը, առ այսօր շարունակվում է կրթական գործը։ Եվ, ամփոփելով իր խոսքը, դեսպանը կարևորեց Մանկավարժական համալսարանում ցուցահանդեսի բացումը․ հայտնիներից շատերը, որ անջնջելի հետք են թողել պատմության մեջ, մեծ մանկավարժներ են եղել, կրթօջախներ են հիմնել նաև Հայաստանում, իրենց կրթությունը փոխանցել մատաղ սերունդներին։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսի բացումը բուհի համար կարևորելով՝ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու նախաձեռնությամբ 1824 թվականին Թբիլիսիում հիմնադրված Ներսիսյան դպրոցի պատմությունը։ Նա թվարկեց հայ մեծանուն մտավորականների, երևելի հասարակական գործիչների, գիտնականների, այդ թվում նաև Խաչատուր Աբովանյանին, որոնք կրթություն են ստացել Ներսիսյան կրթօջախում, այդտեղ ձևավորվել որպես անհատականություն և որոնց գործունեությունն առ այսօր կարևոր ներդրում է ոչ միայն մեր, այլև համաշխարհային կրթական գործընթացներում։
Ռեկտորը Ներսիսյան դպրոցի 100-ամյա կրթական ժառանգությունը կարևորեց նաև հայ-վրացական հարաբերությունների, բարեկամության լավագույն ավանդույթների ձևավորման տեսանկյունից, պատահական չհամարելով, որ այդտեղ են ուսանել նաև վրաց իշխանների սերունդներ։ Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսը կարևոր ուղերձ համարեց նաև այդ բարեկամությունը շարունակելու, նոր համագործակցություն սկսելու առումով։
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ՀՊՄՀ-ի և Կովկաս համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերին կկայանա միջազգային գիտաժողով, որի նպատական է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը․ «Ներսիսյան դպրոցը ձևավորեց էլիտա՝ կրթական, մշակութային, և այն առաջին հաստատությունների էր, որ պատրաստում էր ուսուցիչներ։ Հայոց էլիտան ստեղծեց իր ժամանակի պայմանների համար օրինակելի, առաջադեմ մի հաստատություն, որ համապատասխանում էր եվրոպական կրթական հասատություններին՝ թե՛ շենքային, թե՛ բովանդակային առումով, ինչը փաստել էին ամերիկացի գիտնականները»։
Ցուցահանդեսին ներկա վրացահայ հասարակական գործիչ, մտավորական Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայատնեց Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ձեռնարկը կյանքի կոչելու և աջակցելու համար։
Նա իր համար մեծ պատիվ համարեց ներկայացնել այն բացառիկ կրթօջախը, որի հիմնադիրների, հետագա կառավարողների նպատակն էր ոչ միայն կրթված, այլև նվիրվալ, ազգային սերունդ դաստիարակելը․«Եթե դպրոցի սանը կրթված էր, սակայն նվիրված չէր ազգային շահին, չէր կարող լինել ներսիսյանցի »,-նշեց բանախոսը։
Լևոն Չիդիլյանը ելույթներից հետ միջոցառման հյուրերին ներկայացրեց ցուցադրվող լուսանկարների պատմությունը։