ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դարերի պատմությունը՝ Քաշաթաղում
24.05.2018
Դարերի պատմությունը՝ Քաշաթաղում

Մանկավարժական համալսարանի թանգարանում այսօր բացվեց ՙԴարերի պատմությունը՝ Քաշաթաղում՚ խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Այն կազմակերպվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի երկրագիտական և Մանկավարժական համալսարանի թանգարանների համագործակցության արդյունքում: Ջնարակապատ անոթի բեկորներ, բրոնզե զարդեր, զենքեր, խեցեղեն և հնագիտական նյութեղեն մշակույթի այլ տարրեր ցուցադրության միջոցով ներկայայացվեց հանրությանը:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ցուցադրության բացումը և նկատեց, որ բուհում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված շատ ձեռնարկներ են իրականացվել, սակայն այս ցուցադրությունն առանձնահատուկ նշանակություն ունի: ՙՆերկայացված հնագիտական առարկաները շատ յուրահատուկ են, արտացոլում են այդ շրջանի պատմությունն ու մշակութային առանձնահատկությունները: Հույս ունեմ, որ պատմական հնագիտական առարկաները, որոնք ցուցադրված են այստեղ, իրականում նոր շունչ կառնեն և իրենց մեկնաբանությունները կստանան ինչպես գիտական, այնպես էլ կրթական և մշակութային ծրագրերում: Համալսարանը պատրաստ է յուրաքնաչյուր ոլորտում համագործակցելուն՚,- ասաց Սրբուհի Գևորգյանը և հավելեց, որ ՀՊՄՀ-ի թանգարանը փորձում է յուրաքանչյուրին հաղորդակից դարձնել ինչպես պատմությանն ու մշակույթին, այնպես էլ այն առաքելությանը, որը մեր համալսարանի շրջանավարտները պետք է ունենան:

ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը կարևորեց նման ցուցադրությունները հատկապես Արցախից դուրս. ՙԿարևոր է նման ցուցադրություններ կազմակերպելը, այն ևս մեկ անգամ ապացուցում է այդ տարածքների պատկանելիությունը և, որ այս ամենը հայ ժողովրդի մշակութային ժառագնության մի մասնիկն է կազմում՚:

Քաշաթաղի երկրկագիտական թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանը նշեց, որ ներկայացված ցուցանմուշներն առաջին անգամ եմ իրենց թանգարանից դուրս բերվում: ՙՆերկայացված ցուցանմուշները բացառապես պեղված են Քաշաթաղի շրջանից և փաստում են տեղի բնակչության հայեցիության մասին: Կարևորում եմ նման ցուցադրությունները, քանի որ թանագարանն ունի հարուստ նյութ, սակայն խնդիր ունենք այն ներկայացնելու, հանրահռչակելու առումով, նման միջոցառումները լավագույն մեթոդն են, որն էլ թանգարանին կբերի ճանաչում՚,- ասաց Մուշեղ Ալավերդյանը:

Ցուցահանդեսի ավարտին ներկաները դիտեցին հնագետ Գագիկ Սարգսյանի և լրագրող Բակուր Կարապետյանի՝ «Արցախյան բուրգ-զիկկուրատի գաղտնիքները» ֆիլմը: