ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ԴասA»-ն ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում էր
15.05.2019
«ԴասA»-ն ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում էր

Մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանի աշակերտներին հյուրընկալվել էր «ԴասA» կրթական ծրագիրը: Այն կրթական նախագիծ է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստ։

Դաս-հանդիպման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոսեց դասական երաժշտության, դասական համերգի էթիկայի կանոնների, ինչպես նաև երաժշտության դաստիարակող դերի մասին՝ վստահեցնելով, որ այն կարող է մարդկային որակներ փոխել: Անդրադարձ եղավ նաև ծրագրի «DAS A» հավելվածի մասին, որի միջոցով աշակերտները կարող են ամրագրել իրենց անվճար համերգային տոմսերը։

Հանդիպումը շարունակվեց զրույց-քննարկման ձևաչափով և աշակերտները հնարավորություն ունեցան դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: 

Միջոցառման ընթացքում վարժարանի սաներին իր ելույթով ողջունեց ջութակահար Արաքսյա Պողոսյանը:

ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ ինքնատիպ, հետաքրքիր ու նորարարական մեթոդներով դասական երաժշտությունը ներկայացնելու, հաճելի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև հյուրնկալության համար: 

«Մեծ հպարտությամբ կարող ենք հավաստել, որ նմանատիպ դասերի արդյունքում հնարավոր կլինի լուծել մշակութային բարձր արժեքները դպրոց բերելու,  աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնեելու հարցը»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու վստահեցրեց, որ սիրով ներկա կլինեն հաջորդ միջոցառումներին:

Լուսանկարները՝ «ԴասA» կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջից