Մանկավարժական համալսարանում կայացավ «Մաթեմատիկական անալիզ․ինտեգրալ հաշիվ» բուհական դասագրքի շնորհանդեսը։
Պրոֆեսորներ Գուրգեն և Լուսինե Ղուլղազարյանների հեղինակած ձեռնարկը նախատեսված լինելով մանկավարժական բուհերի առկա և հեռակա բաժինների ուսանողների համար, կարող է օգտագործվել նաև տեխնիկական բուհերում, բնագիտական ֆակուլտետներում, որտեղ դասավանդվում է «Մաթեմատիկական անալիզ» դասընթացը։
Պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը ընդգծում է՝ դասգիրք գրելը բարդ գործ է․ քննադատները շատ են։
Վստահ է՝ դասագրքից օգտվողների շրջանակը մեծ կլինի․ այն կարևոր է ինչպես հանրակրթական ուսումնական հաստատությունների բնագիտամաթեմատիկական հոսքերում մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների, այնպես էլ բուհական համակարգի համապատասխան առարկան ուսումնասիրողների համար։
Շնորհավորելով գրքի լուսընծայման առթիվ՝ պրոռեկտորը նշեց՝ հետահայաց վերհիշելով ուսանողան տարիները, հասկացավ՝ իրենց տարիներին նման դասագիրք ունենալը մեծ երազանք էր․ օգտվում էին միայն ռուսական գրականությունից, որը ևս սակավ էր։
Դասագրքում տեսական նյութից բացի, կան բազմաթիվ լուծված, ինչպես նաև՝ ինքնուրույն լուծման համար խնդիրներ, որոնց պատասխաններն ու լուծման ցուցումները ևս առկա են։
Պրոֆեսոր Գուրգեն Ղուլղազարյանը նկատում է՝ դասագիրքը 5 տարվա աշխատանքի արդյունք է, որ նաև մի շարք փորձարկումներ է անցել․ հաշվի են առել մասնագետների նկատառումներն ու դիտարկումները։
Դասագրքում ընդգրկել են այնպիսի տեսություններ, սկզբունքներ, որոնք դպրոցում լիարժեք ներկայացված չեն։
Լուսինե Ղուլղազարյանն էլ հավելում է՝ դասագրքում տեղ գտած նյութերը իրենց դասախոսություններն ու մշակած նյութերն են․ այն եկել է լրացնել հայալեզու դասագրքերի բացը։
Դոցենտ Քնարիկ Հովհաննիսյանը հաստատում է՝ իրենց ուսանողական տարիներին, նման դասագիրք չունենալը մի փոքր թերի թողեց մաթեմատիկական կրթության լիարժեք յուրացումը։
Լիահույս է՝ այսօրվա ուսանողն ու ապագա ուսուցիչը յուրացնելով դասագրքում առկա նյութը, առաջնորդվելով դրանով, կծռայի հայեցի կրթությանն ու հայ ազգային դպրոցի զարգացմանը։