ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսական պլեներային արշավ Աղավնաձորում
06.06.2023
Դասախոսական պլեներային արշավ Աղավնաձորում

Բնության հիասքանչ գույներն ու ջերմացնող արևը Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մի խումբ դասախոսների համախմբել էր Աղավնաձորում, ուր նրանք պլեներային արշավ իրականացրին։

Ստեղագործական բուռն մթնոլորտում իրականացված պլեները յուրօրինակ վարպետաց դաս էր, որի արդյունքում ստեղծված կտավներն իրենց տեղը կգտնեն համալսարանի տարբեր ցուցասրահներում։

Նախ երկու օր ֆակուլտետի դասախոսներն անկաշկանդ մթնոլորտում ստեղծագործեցին, հետո քննարկեցին ստեղծած կտավները, ծավալվեց բուռն քննարկում, որի արդյունքում հնչած մտքերի հետ գործերի հեղինակները երբեմն համաձայնում էին, երբեմն՝ ոչ այնքան։ Բայց քննարկման արդյունքում որոշակի շտկումներ արվում էին ու աշխատանքները միանշանակ շահում էին։

Ստեղծագործական ինքնատիպ այս միջոցառման կազմակերպիչ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը գտնում է, որ նման միջոցառումները նպաստում են նախ ֆակուլտետում, ամբիոններում առողջ մթնոլորտի պահպանմանը, ապա նաև ակադեմիական միջավայրում ամենօրյա մանկավարժական գործունեություն իրականացնող արվեստագետների մոտ խթանում է ստեղծագործական ջիղը, ինչը ևս խիստ կարևոր է ուսանողների հետ աշխատող դասախոսների համար։

Նախկինում ուսանողական պրակտիկայի կարևոր բաղկացուցիչ էր նաև պլեներային նկարչությունը, որը նրանք իրականացնում էին համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում։

Այսօր էլ մեր զրուցակից դասախոսները խիստ կարևորում են բացօթյա՝ պլեներային ստեղծագործական աշխատանքը։ Եվ հնարավոր է, որ առաջիկայում կազմակերպվեն նմանատիպ պլեներային արշավներ նաև ուսանողների մասնակցությամբ։ Նկարների ստեղծումը ոչ թե արվեստանոցում, այլ բնության մեջ, բացօթյա պայմաններում օգնում է հասկանալ բնությունը բնական լույսի ներքո, ինչը նկարչի համար առանձնահատուկ կարևորություն ունի։

Իսկ դասախոսների մասնակցությամբ պլեներները կունենան շարունակական բնույթ, վստահեցնում է գաղափարի հեղինակ Արա Հակոբյանը և շնորհակալություն հայտնում բուհի ղեկավարությանը՝ ընձեռած հնարավորության համար։