ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ ապագա սոցիոլոգների համար
01.03.2024
Դասախոսություն՝ ապագա սոցիոլոգների համար

ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի հրավերով Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի փորձագետ, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Մարիա Արիանոն։

Դասախոսների և ապագա սոցիոլոգների համար դասախոսության ընթացքում վերջինս անդրադարձավ ծրագրերի մշտադիտարկմանն ու գնահատմանը, ներկայացրեց մշտադիտարկման անհրաժեշտությունը, ծրագրերի գնահատման դրդապատճառներն ու ձևերը, գնահատման ընթացքում առաջադրվող ցուցանիշներն ու դրանց կիրառումը։

Մարիա Արիանոն ընդգծեց՝ եթե որևէ ծրագիր է իրականացվում, մեկ տարի անց անդրադարձ է կատարվում արդյունքներին։ Նա մանրամասնեց նաև, թե ինչպես պետք է հասնել արդյունքների վերլուծությանը, օրինակներով տարբերակեց վերջնական տվյալներն ու արդյունքները, ներկայացրեց բոլոր ոլորտների համար կիրառելի ընդհանուր մոտեցումներն ու մեթոդները։

Փորձագետն առանձնացրեց գործունեության ընթացքի քայլերը և առանձնացրեց հատկապես ցուցանիշներ սահմանելու անհրաժեշտությունը՝ արդյունքները գնահատելու և չափելու համար։

«Պետք է նախ ընտրել կոնկրետ ոլորտ։ Ցուցանիշների սահմանումից ու արդյունքների գնահատումից զատ, կան այլ նպատակներ ևս․ երբեմն օգտվում են այլ հարակից ցուցանիշներից, այսինքն՝ աշխատում են տարբեր ցուցանիշներ իրար համադրելով»,-նշեց փորձագետն ու հավելեց, որ գործընթացը ենթադրում է նաև որոշակի իրավիճակային մարտահրավերներ։ Նա հորդորեց հարցը դիտարկել տվյալների ճիշտ հավաքագրման տեսանկյունից և զգուշավոր լինել ֆինանսական տվյալների ճիշտ հավաքագրման, տվյալները վերլուծողի կամ դրանք զեկուցողի հարցում։

Մարիա Արիանոն ընդգծեց՝ մոնիթորինգն ու գնահատումը կապված են իրար հետ և սերտորեն համագործակցում են, խոսեց մոնիթորինգի և գնահատման սահմանումների մասին, որոնք տարբեր իրավիճակներում երբեմն բախվում են դժվարությունների։

Համաշխարհային բանկի փորձագետն անդրադարձավ որակական, քանակական, գործընթացային մարտահրավերների ու ազդեցության գնահատումների մասին։

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում անդրադարձան ռիսկերի գնահատմանը և ոլորտի վերաբերյալ այլ հարցերի։ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց դասախոսության համար և վստահեցրեց, որ ապագա սոցիոլոգների համար այն կլինի ուսանելի և արդյունավետ։