ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ երիտասարդ պրոֆեսորից
20.04.2017
Դասախոսություն՝ երիտասարդ պրոֆեսորից

Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հրավերով բուհում է Ֆրանսիայի Լորենի համալսարանի և Կենտրոնական Սուպելեկի պրոֆեսոր Նինել Կոկանյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և մագիստրոսների հետ հանդիպման ընթացքում Լորենի համալսարանի երիտասարդ դասախոս, գիտաշխատող Նինել Կոկանյանը ներկայացրեց բուհի կառուցվածը, կրթագիտական գործունեությունը՝ նկատելով, որ այն Ֆրանսիայի առաջատար բուհերից է, որը մի շարք չափորոշիչներով զբաղեցնում է 2-3-րդ տեղերը:

«Ռամանյան սպեկտրոսկոպիայի հիմունքերը» թեմայով սեմինար-դասախոսության ընթացում պրոֆեսորը մանրամասնեց այդ սպեկտրոսկոպիայի կիրառման բնագավառները, նշեց դրա հզորագույն անալիտիկ նշանակությունը, ապա անդրադարձավ ռամանյան ցրման երևույթի վրա հիմնված սարքերի միջոցով բյուրեղների հետազոտման մեթոդներին և նոր բյուրեղների ստացմանը:

Տեսական մասին հաջորդեց ՀՊՄՀ-ի Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում բաց փորձարարական պարապմունքը:

Ի դեպ, լաբորատորիան վերջերս է համալրվել տարածաշրջանում իր նմանը չունեցող սարքավորումով՝ Ռամանյան սպեկտրոսկոպով, որի հնարավորությունները ցուցադրվեցին գործնականում:

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է ոլորտի մասնագետների ներկայությունը բուհում. տևական ժամանակ է սեմինարներով հանդես են գալիս տարբեր երկրների պրոֆեսորներ, ովքեր կիսվում են իրենց փորձառությամբ և գիտելքիներով:

Էդվարդ Կոկանյանը հավելեց՝ սա լավ առիթ է, որ ուսանողները հասկանան՝ ճանապարհները բաց են. մնում է համապատասխան գիտելիքներ ձեռք բերել արդյունքի հասնելու համար:

Նինել Կոկանյանը Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո 2011 թվականից եղել է Լորենի համալսարանի ասպիրանտ: 2015 թվականին ատենախոսություն պաշտպանելուց հետո մեկ տարի աշխատել, ապա ստացել պրոֆեսորի կոչում.«Հաճելի է վերադառնալ և տեսնել ակտիվ ուսանողներ, ովքեր հետաքրքրված են, մոտիվացված ու պատրաստակամ սովորելու: Խորհուրդ եմ տալիս նպատակներ դնել և ուղիներ փնտրել դրանք իրականացնելու համար. ես ինքս այդ սկզբունքով եմ առաջնորդվել»,-նշեց երիտասարդ գիտնականն ու ուրախությամբ նկատեց՝ Հայաստանի համար նորույթ պարունակող թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում, ինչն ակնհայտ էր նաև թեմայի վերաբերյալ հնչած հարցերից: