ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
19.05.2017
Դասախոսություն՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես եկավ հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ:

Հայ ժողովրդի համար հաղթանակ խորհրդանշող ամսին՝ մայիսին կազմակերպված դասախոսությանը մասնակցեցին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց համաշխարհային երկու պատերազմներում հայազգի գեներալների, մարշալների դերի մասին՝ նկատելով, որ տարիներ շարունակ նպատակային է համարել հայոց պատմության ընթացքում աչքի ընկած հայազգի հերոսներին գտնելն ու հասարակությանը ներկայացնելը:

ՀՊՄՀ-ի գրադարանի տնօրենը անդրադարձավ նաև Սարդարապատի և Ապարանի ճակատամարտերում հայերի ինքնակազմակերպման պատմությունն ու այդ հաղթանակներում զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող հայերի, Հայաստանի Երկրորդ Հանրապետության ժամանակաշրջանում, Արցախյան ազատամարտի ընթացքում իրենց մեծ ներդրումն ունեցած բարձրաստիճան զինվորականներին:

«Դուք ներկայացրիք հայ գեներալների ու մարշալների 3 սերնդի պատմությունը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, դաստիարակվի նրանց օրինակով, իմանա սեփական ժողովրդի ռազմական պատմությունն ու հպարտանա»,-նշեց ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Տիգրան Պետրոսյանցը նախարարության գրադարանին նվիրեց «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հայերեն և անգլերեն օրինակները: