ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը
28.10.2022
Դասախոսություն՝ ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը

Հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Աղետների ռիսկերի կառավարում» դասընթաց-վարժանքը, որին մասնակցում են հայաստանյան մի շարք թանգարանների ներկայացուցիչներ։

Հնգօրյա դասընթացն անցկացնում են Մեծ Բրիտանիայից և Եգիպտոսից ժամանած միջազգային փորձագետներ Վերնոն Րափլեյը և Ամիրա Սադիկը։ Վերջիններս Մանկավարժական համալսարանում հանդես եկան «Աղետների կառավարում, առաջին օգնություն և համախմբում» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցում էին բուհի պատմության թանգարանի և գրադարանի աշխատակիցներ, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ։  

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց մասնակիցներին և կարևորեց թեմայի արդիականությունը․ «Բուհը մշտապես հետևում է միջազգային գործընկերների առաջարկներին, կարևորում նրանց հետ փորձի փոխանակումը»,-նշեց պրոռկտոր Իսպիրյանն ու հույս հայտնեց, որ վարպետության դասերի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները մասնակիցները կկիրառեն մասնագիտական գործունեության ընթացքում։

Վերնոն Րափլեյը Լոնդոնի  «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանի մշակութային ժառանգության պաշտպանության և անվտանգության տնօրենն է։ Թանգարանի օրինակով իր զեկույցում ներկայացրեց ճգնաժամերի և ամենատարբեր աղետների ժամանակ ցուցանմուշների պահպանության մեխանիզմները՝ ընդգծելով առաջին հերթին գիտելիքի և ինժեներական լուծումների անհրաժեշտությունը։ Նա այն կարծիքին է, որ այս գործում շատ կարևոր է փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն կտա աղետների ժամանակ ճիշտ գնահատել ռիսկերը։

«Ուզում ենք մշակութային ժառանգությունը պահպանել բնության մարտահրավերներին համահունչ»,-նշեց Վերնոն Րափլեյն ու ներկայացրեց այն առցանց հարթակը, որի միջոցով կապեր են հաստատում աշխարհի տարբեր երկրներից այդ ոլորտում աշխատող երիտասարդների հետ՝ նպատակ ունենալով տեղեկատվությունը հասանելի դարձնել նրանց։

«Եգիպտական մշակութային ժառանգության փրկություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ամիրա Սադիկն առաջին անգամ է Հայաստանում։ Խոստովանում է՝ թեև Եգիպտոսում շատ հայեր կան, սակայն մեր երկրից գնում է այլ տպավորություններով․ այստեղ շատ սեր, ջերմություն և մշակութային մեծ ժառանգություն կա։

«Ճգնաժամերի և աղետների ժամանակ կարող ենք կորցնել ամենակարևորը՝ մեր արմատները։ Ամենամեծ վախն այն է, որ չենք կարողանա այդ մշակութային ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին»,-նշեց Ամիրա Սադիկն ու ևս մեկ անգամ վստահեցրեց՝ շատ կարևոր է ունենալ նման իրավիճակներում կազմակերպվելու պատրաստվածություն՝ փաստաթղթերի հավաքագրումից մինչև առաջնահերթությունների հավաքագրում։ Փորձագետն այն կարծիքին է, որ այդ գործում պետք է ներգրավված լինեն պետական բոլոր կառույցները՝ ֆոնդապահներից մինչև կառավարության, ուժային մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ տեղերում ռիսկերին համապատասխան գործելու համար։

Խոսելով անելիքների մասին՝ Ամիրա Սադիկը նշեց, որ ցանկություն ունեն կազմել մարդկանց մի խումբ, որոնք կստեղծեն կրթական ծրագրեր՝ առաջնորդվելով տարբեր երկրների ռիսկերի կառավարման առանձնահատկություններով։ Դա հնարավորություն կտա, որ մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվողները խոսեն «մեկ լեզվով»։

Նշենք, որ հնգօրյա վերապատրաստումներին Մանկավարժական համալսարանից մասնակցում էին բուհի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ Լիաննա Գևորգյանը,  թանգարանագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Անգելիա Հայրյանը։