ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն Միքայել Բադալյանից
18.04.2024
Դասախոսություն Միքայել Բադալյանից

Այսօր ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հյուրն էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Ի դեպ, վերջինս բուհի շրջանավարտ է և նաև դասավանդել է հարազատ կրթօջախում։

«էթիունիի երկրի խորհրդանշական արքետիպերը» խորագրով դասախոսոության ընթացքում պատմաբանն անդրադարձավ «մոռացված» Էթիունի կազմավորմանը, որի տարածքում էլ գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։

«Քչերը գիտեն Էթիունիի մասին, որը Վանի թագավորության ժամանակ հզոր ցեղային համադաշնություն էր։ Այս թեման ընկած է իմ՝ վերջին մեկ տարվա գիտական հետազոտությունների առանցքում։

Մենք հաճախ կենտորոնանում ենք Ուրարտուի վրա, բայց մոռանում ենք Էթիունին, մինչդեռ պետք է երկուսը իրար համատեքստում քննարկել»-նշեց Միքայել Բադալյանն ու խոստովանեց՝ ուսումնասիրությունը սկսելու պատճառ դարձավ Եղիշե Չարենցի «Երիր Նաիրի»-ն՝ Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես-Նաիրին:

Այդ համատեքստում նա անդրադարձավ Նաիրի-Էթիունի-Ուրարտու հարաբերությանը, խոսեց հնագիտության մասին և հավելեց, որ այն ոչ թե պեղելու գիտություն է, այլև հիմքում ընկած է կրիմինալիստիկան՝ քրեագիտությունը։

Միքայել Բադալյանը խոսեց նաև վաղ երկաթի, երկաթի դարաշրջաններին բնորոշ առանձնահատկությունների մասին, ներկայացրեց ուշբրոնզ-վաղերկաթեդարյան վերնախավային իրեր․ փաստերը վկայում են՝ մեր լեռնաշխարհը հարուստ է եղել հոգևոր ընկալումներով, իսկ մշակութային առումով գոնե միատարր։

Անդրադարձ եղավ նաև կիկլոպյան ամրոցներին, ռազմականացված հասարակությանը խորհրդանշական իշխանության և պատմագիտության վերաբերյալ մի շարք այլ թեմաների։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Միքայել Բադալյանին հյուրընկալվելու և կարևոր թեման ներկայացնելու համար։

«Սա այն թեմաներից, որի մասին գիտական նորագույն արդյունքներին պարտադիր է ծանոթանալ։ Կրկնակի կարևոր է, որ այն ներկայացնում է դրանով զբաղվող մասնագետը»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հույս հայտնեց, որ դասախոսությունը արդյունավետ ու հետաքրքիր կլինի ներկաների համար՝ ստեղծելով բանավիճելու և քննարկելու առիթ։