Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության ֆակուլտետի Լ.Ֆ.Օբուխովայի անվան Տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Իրինա Շապովալենկոն։
Հոգեբանական գիտությունների թեկնածու Շապովալենկոն ներկայացրեց «Զարգացման հոգեբանության արդի հիմնախնդիրները թեմայով դասախոսությունը՝ Լ.Ֆ.Օբուխովայի անվան Զարգացման հոգեբանության ամբիոնում իրականացված հետազոտական աշխատանքների օրինակով»։
Դասախոսության ընթացքում նա կարևորեց կրթական երկու կառույցների համագործակցությունը և հույս հայտնեց, որ գործընկերությունն առաջիկայում կշարունակվի տարբեր ուղղություններով։
Հղում անելով նշանավոր հոգեբան Լև Վիգոտսկու հոգեբանական հայեցակարգին` բանախոսն անդրադարձավ որպես գիտություն զարգացման հոգեբանությանը, խոսեց դրա ընթացքի մասին՝ պատմամշակութային, հասարակական զարգացումների ազդեցությամբ փոփոխությունների ենթարկվելու համատեքստում, փաստելով՝ գործընթացը երբեք չի ընդհատվում։
Իրինա Շապովալենկոն ներկայացրեց մի շարք տեսական հարցեր ու հիմնախնդիրներ, որոնք ժամանակակից աշխարհում հրատապ լուծման կարիք ունեն․ «Ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է դարձել զարգացման հոգեբանությունն ուսումնասիրել բոլոր տարիքների համար, մարդու զարգացման բոլոր փուլերում՝ նախադպրոցական տարիքից մինչև մեծահասակ»։
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի դոցենտը ներկայացրեց նաև իր ղեկավարած ամբիոնի՝ տարբեր տարիների կազմակերպած գիտապրակտիկ կոնֆերանսներն՝ ընդգծելով հոգեբանական խնդիրների զարգացման շարժընթացը։
Նա իր ելույթում անդրադարձավ նաև ամբիոնի դասավանդողների հրատարակած գրքերին, ուսումնամեթոդական ձեռնարկներին, դասագրքերին, որոնք նաև կիրառական նշանակությամբ ու բովանդակությամբ երեխաների հոգեկան առողջությանը միտված խնդիրներ են շոշափում։
Հիշեցնենք, որ մեկշաբաթյա աշխատանքային այցով Մանկավարժականում է Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պատվիրակությունը։ Նպատակն է քննարկել համագործակցության ուղղություններն ու հիմնական անելիքները՝ ի շահ կրթական հաստատությունների և ուսանողների։