ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ՝ հունգարացի ուսանողների համար
29.03.2017
Դասախոսություններ՝ հունգարացի ուսանողների համար

Մանկավարժական հաալսարանի 5 դասախոս օրերս եղավ Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտում:

Այցը կազմակերպվել էր Էրազմուս + ծրագրի աջակցությամբ՝ 2016 թվականին կնքված երկու բուհերի միջև համաձայնագրի շրջանակներում:

Հնագիտություն և հայագիտություն թեմաների վերաբերյալ խտացված 16-ժամյա դասընթացով հանդես եկան ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, դասախոսներ Խաչատուր Ստեփանյանը, Սամվել Պողոսյանը Երվանդ Գրեկյանն ու Մանկավարժականի հրավիրյալ դասախոս Միքայել Բադալյանը:

Թեմաները վերաբերում էին հայկական Սփյուռքին, դրա կազմավորմանը, արդի հիմնախնդիրներին, 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին հայկական ազգային ազատագրական շարժմանը, Հայոց Ցեղասպանության պատճառներին, հետևանքներին, Հին Մերձավոր Արևելքի պատմության համատեքստում՝ հայկական լեռնաշխարհի պատմությանն ու մշակույթին, Հայաստանի հնագիտությանը:

Այցի ընթացքում Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներակայացուցիչների խնդրանքով կազմակերպվեց նաև 2 հանրային դասախոսություն, որի ընթացքում հայ մասնագետները ներկայացրին Հարավային Կովկասի 19-20-րդ դարի պատմության հիմնախնդիրները, տարածաշրջանի էթնիկ կոնֆլիկտները՝ ԼՂ-ի հիմնախնդրի օրինակով:

Առանձին հանդիպումների ընթացքում Մանկավարժական համալսարանի պատվիրակները ներկայացրին նաև բուհը, ֆակուլտետները, համալսարանի կրթական հնարավորությունները՝ հատկապես օտարազգի ուսանողների համար:

Պատմության և իրավագիտությա ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը aspu.am-ի հետ զրույցում կարևորեց, որ երկու բուհերի փոխանակման ծրագրի շրջանակներում Մանկավարժականում սովորող հունգարացի ուսանողները դրական են արտահայտվում ուսումնական գործընթացի վերաբերյալ.«Նրանց կարծիքներն ու արձագանքները հունգարացի ուսանողների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի նկատմամբ: Ուսանողները ցանկություն ունեն իրենց ուսումը շարունակել ՀՊՄՀ-ում.արդեն իսկ մագիստրոսներից մի քանիսն իրենց հետազոտական թեման ընտրել են հենց հայագիտությունը»:

Դեկանը հավելեց, որ Մանկավարժականի «Ամառային դպրոց» ծրագիրը ևս նպաստել է գործընթացի կայացմանը. այս տարի նախատեսվում է ծրագրի մասնակիցների թվի ավելացում.«Սա ֆակուլտետի առաջին նման փորձառությունն է, որը մեծապես ազդում է նաև դասախոսների լեզվական անջրպետի վերացմանն ու բուհը օտարազգի ուսանողներով համալրելուն»:

2016 թվականին Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանում բացվել է Հայագիտական ամբիոն, իսկ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում և արդեն համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: