ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ օտարազգի փիլիսոփաներից
24.11.2016
Դասախոսություններ օտարազգի փիլիսոփաներից

Մանկավարժական համալսարանում այսօր ամփոփվեց աշխարհահռչակ փիլիսոփա, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում անցկացվող միջազգային դասախոսությունների շարքը:

«Աստվածային հայտնություն հասկացության մեթոդաբանական կարևորությունը պատմական տեսանկյունից» թեմայով զեկույցը ներկայացրեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար Բալաժ Մեզեյը:

Վեջինս իր դասախոսության ընթացքում ներկայացրեց «աստվածային հայտնություն» եզրույթի ընկալումն ու ըմբռնումը, դրա հետ կապված իր իսկ փիլիսոփայական դիտարկումներն ու հետազոտությունները:

Պրոֆեսորը նշեց, որ թեմայի վերաբերյալ մշակել է հատուկ մեթոդաբանություն, որի նպատակն է բացահայտել մի շարք տեսություններ, ինչպես նաև զարգացնել գիտության, պատմության, մշակութային երևույթների վերաբերյալ տարաբնույթ պրոցեսներ:

Բալաժ Մեզեյը ընդգծեց՝ տեսակետներն առավել ամբողջական տեղ են գտել հեղինակած «Ծայրահեղ հայտնություն» գրքում, որն ունի պատմագիտական, փիլիսոփայական և աստվածաբանական նշանակություն.«Այդ աշխատությունում ի մի են բերված աշխարհահռչակ փիլիսոփաների գաղափարները, հարցի պատմությունը, սա մի քայլ է՝ մարդուն առավել լավ ճանաչելու, տեսության միջոցով նրանց առավել կատարյալ դարձնելու համար»:

Միջազգային դասախոսությունների շրջանակներում Մանկավարժական համալսարանում օրերս դասախոսությամբ հանդես եկավ նաև Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կյոխլեր:

«Նորմատիվ հակասությունները միջազգային իրավունքում. հետևություններ իրավունքի փիլիսոփայության համար» թեմայի շրջանակներում պրոֆեսորը խոսեց միջազգային կարևորագույն կառույցների իրավական նորմերում առկա հակասությունների, դրանց վերաբերյալ արված դիտարկումների, պատճառած կամ պատճառվելիք վնասների քննարկման անհրաժեշտության մասին:

Պրոֆեսորը փիլիսոփայության համատեքսում դիտարկեց նաև պետությունների և ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականացման վերաբերյալ իրավական նորմերը, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ընդգծեց, որ այսօր էլ հաղթողի մենաշնորհային դիրքն ու պարտվողի ենթարկվելու սկզբունքն առկա է: