ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ, վարպետաց դասեր «Աստղագիտության» ապագա ուսուցիչների համար
13.05.2019
Դասախոսություններ, վարպետաց դասեր «Աստղագիտության» ապագա ուսուցիչների համար

Օրերս Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտության դասավանդումը դպրոցում» միջազգային ծրագրի հանձնաժողովի ղեկավար Ռոզա Մարիա Ռոսը, հանձնաժողովի անդամ Ալան Փիքվիքը և ծրագրի հայաստանյան խմբի անդամները:

Վերջիններս եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ ունեցան Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, հանդես եկան դասախոսություններով: 

«Աստղագիտության դասավանդումը դպրոցում» ծրագրի հանձնաժողովի ղեկավար Ռոզա Մարիա Ռոսն www.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են աստղագիտությունն իր բոլոր մակարդակներում զարգացնելով և դասընթացներն իրականացնում են ամբողջ աշխարհում:

«Իրականում շատ կարևոր է աստղագիտությունը, և գիտություններն ընդհանրապես, ներկայացնել դպրոցական ծրագրերում: Մենք այստեղ ենք, որպեսզի զարգացնենք աստղագիտությունը դպրոցներում՝ հատկապես միջնակարգ դպրոցում»,-նշեց Ռոզա Մարիա Ռոսն ու հավելեց, որ ծրագիրը կարևոր է հատկապես ուսուցիչների համար. այն պետք է տա բավարար տեղեկություններ ոլորտի ու գիտության մասին: Վերջինիս կարծիքով՝ աստղագիտություն դասավանդող ուսուցիչները պետք է լինեն պրոֆեսիոնալ և անընդհատ սովորեն այն, ինչը այդքան էլ լավ չգիտեն:

Հանձնաժողովի ղեկավարը հավելեց նաև, որ Աստղադիտարանի սշխատողներով համալրված տեղական խումբը Հայաստանում ծրագրի ավարտից հետո կարող է միանալ իրենց և աջակցել տարբեր երկրների մասնագետների համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

Հանձնաժողովի անդամ Ալան Փիքվիքն էլ նկատեց՝ Մանկավարժական համալսարանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի աստղագիտության ուսուցիչներին վերապատրաստել  այնպես, որ նրանք կարողանան աշակերտների մեջ մեծացնել սերն ու հետաքրքրքությունը դեպի գիտությունը:
Ալան Փիքվիքը հույս հայտնեց, որ աստղագիտության հետաքրքիր հարցերի ու ոլորտների մասին ապագա մանկավարժները  կլինեն համարձակ ու վստահ. «Մեր հիմնական նպատակն է երեխաների մոտ սեր ու հետաքրքրություն արթացնել դեպի գիտությունն ու աստղագիտությունը»,-հավելեց նա:

«Աստղագիտության դասավանդումը դպրոցում» ծրագրի շրջանակներում ուսանողները եղան նաև Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, մասնկացեցին աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի վարպետության դասին, ծանոթացան Վիկտոր Համբարձումյանի կյանքին, գործունեությանը:

«Միայն Նեյտրոնի տեսական հայտնաբերման, Գալակտիկայի տարիքի բացահայտման և աստղասփյուռների հայտնագործման համար Վիկտոր Համբարձումյանը կարող էր ստանալ 3 Նոբելյան մրցանակ»-նշեց Արեգ Միքայելյանն ու խոսեց նաև Տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մոլորակաձև միգամածությունների, տարրական մասնիկների փիլիսոփայության և այլ բնագավառներում Վիկտոր Համբարձումյանի հաջողություների մասին։

Վարպետության դասից հետո ուսանողները հնարավորություն ունեցան աստղադիտակով դիտել աստղերը և մասնագետներից լսել աստղադիտակների մասին հետաքրքիր փաստեր: