ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսությունների շարք՝ բելառուս դասախոսից
16.03.2017
Դասախոսությունների շարք՝ բելառուս դասախոսից

5-օրյա այցով Հայկական պետական մանկավարժական համալսարանում է Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի Ներառական կրթության ինստիտուտի Սուրդոմանկավարժության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Չուրիլո Նատալյան:

«Նեյրոահոգեբանական աշխտորոշում և միջամտություն», «Ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության համախտանիշ ունեցող երեխաների նյարդահոգեբանական մոտցեումների վերլուծություն» առարկաների շրջանակներում Հատուկ կրթության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները 24 ակադեմիական ժամ կունկնդրեն բելառուս մասնագետի դասախոսությունները:

Չուրիլո Նատալյան բուհում է երկու համալսարանների միջև համագործակցության և դասախոսների ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակներում.«Հրաշալի ու բարյացակամ ուսանողներ ունեք, որ մեծ հետաքրքրությամբ լսում են մատուցված նյութը: Դասախոսության առաջին օրը միայն լսողի դերում էին. հաջորդ օրերին լեզվական անջրպետը վերացավ, սկսեցինք միմյանց առավել լավ հասկանալ, ինչի շնորհիվ ուսանողներն ակիվորեն ներգրավվեցին դասապրոցեսին»:

Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի դոցենտն անկեղծանում է՝ այս օրերին ունեցել է նաև նոր ձեռքբերումներ. Հայաստանը, ի տարբերություն Բելառուսի, վաղուց է միացել Բոլոնյան համակարգին, ներառական կրթության ոլորտում հայաստանյան փորձը ևս ավելի մեծ է:

«Աշխարհի բոլոր ուսանողները նման են իրար. նրանց համար կարևոր է նորարարությունը, թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Երբ նոր էի եկել, չգիտեի՝ ինչն է նրանց համար կարևոր. այսօր արդեն վստահորեն կարող եմ ասել՝ նեյրոհոգեբանության ոլորտում ձեր ուսանողները վատ պատրաստվածություն չունեն»:

Չուրիլո Նատալյան aspu.am-ի հետ զրույցում Մանկավարժականի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ համարեց անգլերեն լեզվով մի շարք դասընթացների անցկացումն ու նկատեց՝ «Դուք առջևում եք.մենք կփորձենք հավասարվել»:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը, կարևորելով նման դասախոսությունների անցկացումը բուհում, նշեց, որ գործընթացը նոր գիտելիքի, մոտցեումների, քննարկումների հնարավորություն է ընձեռում.դասախոսները նույնպես մասնակցում են դասապրոցեսին:

Ֆակուլտետի դեկանը հավելեց, որ դասավանդվող ուսումնական պլանում ընդգրկված երկու առարկաներն ընտրվել են մասնագետի հետ քննարկման արդյունքում: Առաջիկայում դասախոսությունները կկրեն առավել գործնական բնույթ և կանցկացվեն նաև զարգացման կենտրոններից մեկում, որից հետո ուսանողները Չուրիլովա Նատալյայի մոտ կանցնեն երկու միջանկյալ ստուգում:

Մարտի 6-10-ը Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի Ներառական կրթության ինստիտուտում փոխադարձ այցով և դասախոսություններով հանդես եկավ Մանկավարժականի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Թերեզա Ազատյանը:

Վերջինս «Ներառական կրթության կազմակերպումը» առարկայի շրջանակներում 2-րդ կուրսի ուսանողներին ներկայացրեց ներառական կրթության դրվածքը մեր երկրում, ներառականության իրավական նորմերն ու մոդելները, ընտանիքի, դպրոցի և հասարակության համագործակցությունը, սոցիալական մոդելի ներմուծումը ներառական կրթություն և հասարակություն: