Մանկավարժական համալսարանի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ մեկնարկել են «Պատանի թանգարանագետ» խմբակի աշխատանքները:
Առաջին դասերն անցկացվեցին Արմավիրի մարզային գրադարանում և Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Դասընթացը վարեցին ՀՊՄՀ-ի թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի մագիստատուրայի 1-ին կուրսի ուսանողները:
Նորաստեղծ խմբակի նպատակն է դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնել թանգարանագիտության ոլորտի հանդեպ, հանրահռչակել մշակութային ժառանգությունը, պատանիներին ծանոթացնել Հայաստանի և արտերկրի թանգարանների գործունեությանը:
Դասընթացը, որի շրջանակներում նախատեսված են էքսկուսիաներ ՀՊՄՀ-ի թանգարան, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, մեծ ոգևորություն առաջացրին մասնակից-դպրոցականների շրջանում:
Ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու դեպքում նախատեսվում է նմանօրինակ ծրագրերով հանդես գալ հանրապետության մյուս մարզերում:
Ի դեպ, գործում է «Պատանի թանգարանագետ» ֆեյսբուքյան էջը, որը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու թանգարանագիտությանը, հարցեր ուղղել ոլորտի մասնագետներին և դասընթացներն անցկացնող ուսանողներին։ Ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու դեպքում նախատեսվում է նմանօրինակ ծրագրերով հանդես գալ հանրապետության մյուս մարզերում: