ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասընթացների եռօրյա շարք՝ Մանկավարժականի ուսանողների համար
06.12.2017
Դասընթացների եռօրյա շարք՝ Մանկավարժականի ուսանողների համար

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում եռօրյա դասընթացների և մոդելավորում-խաղերի շարք կանցկացնեն գերմանական «CIVIC» միջազգային կրթության ինստիտուտի ներկայացուցիչները:

Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտի (IFA) հետ համագործակցությամբ կազմակերպված «Ձևավորելով հարևանությունը. Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն ժողովրդավարության, մասնակցության և բազմակարծության» խորագրով ձեռնարկը հնարավորություն կտա բուհի ուսանողներին մոդելավորման միջոցով վեր հանել եվրոպական հարևանության քաղաքականության հիմնական խնդիրներն ու նախապայմանները, սահմանակից երկրների և դրանց բնակչության մշտական ներգրավման հնարավորությունները:

Եռօրյա դասընթացները բուհում անցակցնում են «CIVIC»-ի տնօրեններից Հոլգեր Միքայել Անթն ու բեռլինյան մասնաճյուղի աշխատակցուհի Անի Օհանյանը:
Վերջինս aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ ուսանողները թրեյնինգների միջոցով կծանոթանան աշխարհում լայնորեն կիրառվող կրթական մեթոդներին, եվրոպական արժեքներին, ժողովրդավարությանը.«Շատ կարևոր է, որ ապագա դասավանդողը ծանոթ լինի մանկավարժական քաղաքական կրթություն ճյուղին, հասարակության մեջ ընթացող պրոցեսներին և լինի արժանապատիվ քաղաքացի»:

Դասընթացների առաջին օրը ինտերակտիվ մեթոդներով թրեյներներն ուսանողներին նախապատրաստեցին միմյանց հետ զրույցին, տարբեր թեմաների շուրջ համագործակցությանն ու նաև վեճերին, մասնավորապես՝ հաջորդ օրերին ուսանողները դերային խաղերի միջոցով կուսումնասիրեն այլ մեթոդներ ևս՝ նախապատրաստվելով վերջին օրը սպասվելիք «ընտրություններին»:

Ամփոփելով հանդիպման առաջին օրը՝ Անի Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց բուհի ուսանողների վերաբերյալ, նշելով, որ վերջիններս շատ ակտիվ են կենտրոնացված և լրջորեն մասնակցում են բանավիճման և բանակցման գործընթացներին:

«Ձևավորելով հարևանությունը. Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն ժողովրդավարության, մասնակցության և բազմակարծության» խորագրով ձեռնարկի մասնակիցներից է նաև ապագա արվեստաբան Արամ Մամիկոնյանը:

Վերջինս նկատում է՝ դասընթացը նորարարություն է իր ամենօրյա ուսանողական կյանքում.կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական ուսուցման մեթոդներին, առանձնահատկություններին և տարբերություններին՝ հատկապես, որ վաղուց էր հետաքրքրված այլ երկրների կրթական փորձով:

Արամը նկատում է՝ խաղային մեթոդն առավել կրեատիվ է և ուսանողներին դրևսևորվելու, ինքնարտահայտվելու առավել մեծ հնարավորություն է տալիս: Վստահ է՝ նման մեթոդներն արժե կիրառել նաև մեզանում. այդկերպ կրթության զարգացումը մեր երկրում առավել դինամիկ կլինի:

Դասընթացների և մոդելավորում-խաղերի շարքն անցկացվել է Ուկրաինայում, Վրաստանում,Մոլդովայում. Մանկավարժական համալսարանում «CIVIC»-ի ներկայացուցիչները հյուրընկալվում են արդեն երկրորդ անգամ:

Նախորդ տարի եվրոպական մայրցամաքում կյանքի արժեքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև շահերի բախումները կարգավորող ռազմավարություններին ծանոթացան Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: