ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դատահոգեբանական փորձաքննությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
28.02.2022
Դատահոգեբանական փորձաքննությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

ՀՊՄՀ-ի հիմնադրման 100, բուհի և ՀՀ Քննչական կոմիտեի միջև փորձաքննությունների ոլորտում կնքված համագործակցության հուշագրի 5-ամյակի շրջանակներում` Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով կլոր սեղան:

Ձեռնարկին ներկա էր բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՀ Քննչական կոմիտեի, ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող, ՀՀ ԱՆ պրոբացիոն ծառայությունների, ՀՀ Փորձաքննությունների բյուրոյի ներկայուցիչներ, ուսանողներ:

Ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց կլոր սեղանի անցկացումը՝ նկատելով, որ դատական փորձաքննությունների բնագավառը՝ որպես քրեադատավարական պրակտիկայի ուղղություն, փորձաքննությունների զարգացման համակարգում հետազոտական կարևոր գործիքակազմ ձևավորելու ուղու վրա է:

Վերջինս հույս հայտնեց, որ «Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով կլոր սեղանը կվերհանի այն խնդիրները, որոնք այսօր առկա են դատահոգեբանական փորձաքննության գործընթացներում: Կատարված վերլուծություններն ու առաջարկված նոր մեթոդաբանությունն էլ կպարզեցնի և կփոխարինի իրենց սպառած մեթոդներին, դրանց կիրառմանը:

Փորձաքննությունների իրականացման հինգ տարիների վերլուծության մասին խոսեց Հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Սարգսյանը:

Վերջինս ներկայացրեց փորձաքննության տեսակները, դրանցում ֆակուլտետի փորձագետ-մասնագետների ներգրավվածությունը, դեպքերի թիվն՝ ըստ տարիների, ինչպես նաև մայրաքաղաքում և մարզերում կատարված փորձաքննությունների դինամիկան:

Լևոն Սարգսյանը aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ սկիզբը դժվար տրվեց. փորձաքննությունների ոլորտը նոր էր: Սակայն Մանկավարժականի՝ արդեն իսկ կայացած իրավահոգեբանական ներուժի հենքի վրա հնարավոր եղավ կնքել հուշագիր և արդյունավետ համագործակցություն ծավալել:

Վերջինս հավելեց՝ բուհի մասնագետներն այսօր իրականացնում են առանձին, համալիր, հանձնաժողովային, ինչպես նաև կրկնակի դատահոգեբանական փորձաքննություններ. փորձաքննող մասնագետները 20-ն են:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ այլ գերատեսչություների հետ ևս կնքվեն համագործակցության հուշագրեր՝ ընդլայնելով փորձաքննությունների ոլորտը:

Ի դեպ, Հոգեբանության ամբիոնի ղեկավարը նշեց՝ մագիստրատուրայում առանձին շեշտադրում են «Իրավաբանական հոգեբանություն» առարկայական ծրագրերի ներդրումը, որպեսզի հետագայում նրանք ևս կարողանան աշխատել փորձաքննությունների ոլորտում:

Հայաստանում դատահոգեբանական փորձաքննության խնդիրներին անդրադարձավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը:

Բանախոսը նկատեց՝ չնայած աշխարհում դատահոգեբանական փորձաքննության կարևորության բարձրացմանը, ոլորտը մեզանում շարունակում է մնալ չկայացած. «Մասնագետները հաճախ ի վիճակի չեն իրականացնել փորձաքննություններ. պատճառը՝ հոգեբանի հիմնավոր կրթության, հաճախ նաև մասնագիտական համակարգված գիտելիքների բացակայությունն է»:

Ռուզաննա Պետրոսյանը վստահ է՝ հոգեբան-փորձագետին ևս անհրաժեշտ են հարակից գիտելիքներ ու հմտություններ, ինչպես փորձաքննության մեջ ճիշտ կողմնորոշվելու, այնպես էլ հիմնավորված եզրակացություն կազմելու համար:

Զեկուցողներն անդրադաձան համալիր դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննության առանձնահատկություններին, սուիցիդների ոլորտում դատահոգեբանական փորձաքննությունների բարելավմանը:

Ի դեպ, խոսելով սուիցիդի ոլորտում դատահոգեբանական փոձաքննության խնդիրների մասին՝ հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը նկատեց՝ սուիցիդի դատական փորձաքննությունը տարբերվում է մյուսներից.այն ստեղծագործական պրոցես է, մտածողության արդյունք:

Վերջինս կարծում է, որ Մանկավարժական համալսարանում անհրաժեշտ է հիմնել դատահոգեբանական փորձաքննության ամբիոն, իսկ  բուհը դարձնել այդ փորձաքննությունների իրականացման յուրահատուկ բազա:

Բանախոսներն անդրադարձան նաև դատահոգեբանական փորձաքննությունների անցկացման պրակտիկայում պրոյեկտիվ մեթոդների կիրառմանը, փորձագետների առջև ծառացող հնարավոր խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում դատահոգեբանական փորձաքննությունների հեռանկարներին և այլն:

Կլոր սեղանի մասնակիցները հանդես եկան առաջարկներով, ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան: