ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դավիթ Պողոսյանը՝ ԻԿՕՄ-ի կառավարման խորհրդի անդամ
11.09.2019
Դավիթ Պողոսյանը՝ ԻԿՕՄ-ի կառավարման խորհրդի անդամ

Սեպտեմբերի 1-7 ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում անցկացվեց Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) վեհաժողովը, որին ԻԿՕՄ Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում էր նաև ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը։ Վերջինս ելույթ ունեցավ ԻԿՕՄ-ի Անձնակազմի վերապատրաստման կոմիտեի նիստում, Կիոտոյի միջազգային գիտաժողովների կենտրոնում, «Թանգարանները՝ որպես մասնագիտական զարգացման հանգույցներ» թեմայով։

ԻԿՕՄ-ի այս կոմիտեի աշխատանքներին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում:

Մանկավարժական համալսարանի դոցենտ Դավիթ Պողոսյանն ԻԿՕՄ-ի մասնագիտական կառույցի անդամների քվեարկության արդյունքում ընտրվեց կառավարման խորհրդի անդամ։

Կառավարման խորհրդի կազմում իր ընտրվելը Դավիթ Պողոսյանը լավ հնարավորություն է համարում մասնագիտական նոր փորձի, նոր գիտելիքների, թանգարանային ոլորտում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին սերտորեն հաղորդակից լինելու համար:

Ի դեպ, հնարավոր է, որ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ-ի) տարեկան գիտաժողովն անցկացվի Հայաստանում. ՙՆախնական քննարկում եղել է, և պետք է ամեն ինչ անենք, որ Կոմիտեի գիտաժողովը բերենք Հայաստան: Գիտաժողովին կմասնակցի ԻԿՕՄ-ի շուրջ 50 անդամ, որոնք ներկայացնում են մասնագիտական կառույցներ: Այդ միջոցառումը մեծապես կնպաստի Հայաստանում թանգարանագիտության զարգացմանը՚,-aspu.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Պողոսյանը: