ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական բնաշխարհի գույները՝ Հերիքնազ Խաչիկյանի դդմարվեստում
17.05.2019
Հայկական բնաշխարհի գույները՝ Հերիքնազ Խաչիկյանի դդմարվեստում

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Մանկավարժական համալսարանում բացվեց դդմարվեստի ցուցահանդես։ 

«Ավանդականը նորովի» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված էին բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրոս, շրջանավարտ Հերիքնազ Խաչիկյանի և նրա աշակերտների աշխատանքները: 

Հերիքնազն ուսումնառության տարբեր տարիներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել բազում ցուցադրությունների՝ ներկայացնելով կուռմադդումներով արվեստին ծանոթանալու սեփական մոտեցումն ու ձեռագիրը․ «Դեռ տարիներ առաջ ես տարբեր ստեղծագործողների տվել եմ դդմիկներ աճեցնելու համար սերմեր, դդմիկներ, սովորեցրել եմ նյութի հետ աշխատելու, մշակելու ու ստեղծագործելու հմտություններ։ Այսօր վայելում ենք դրա արդյունքները»,-հավելեց մագիստրոսը։

Բացի ստեղծագործելուց, Հերիքնազը նաև ուսումնասիրել է կուռմադդումների հայրենիքի,  տարածման վերաբերյալ տեղեկություններն ու համոզվել, որ դդմարվեստը Հայաստանում եղել է վաղուց, հիմա ինքը պարզապես փորձում է վերականգնել այն։ 

Ցուցադրության էին ներկայացվել ոչ միայն Հերիքնազ Խաչիկյանի, այլև նրա արվեստով ոգեշնչված տարբեր տարիքի ու հետաքրքության մարդկանց հեղինակած դդմիկները, որոնք աչքի էին ընկնում թե թեմատիկ բազմանությամբ, թե վառ գույների համադրությամբ՝ Փոքրիկ Իշխանից մինչև Գտնված երազ և այլ մուլտֆիլմերի հայտնի ու սիրված հերոսներ։

www.aspu.am-ի հետ զրույցում Հերիքնազ Խաչիկյանն ընդգծում է՝ սիրում է հայկական բնաշխարհի գույները և ձգտում է դրանցով զարդանախշել, վրձնել   յուրաքանչյուր նոր ստեղծագործություն։ 

ՀՊՄՀ-ի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսը նշանավորվեց նաև դդմարվեստի հետ կրտսեր դպրոցականների ծանոթությամբ․ Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան №78 հիմնական դպրոցի աշակերտները նախ զրուցեցին թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի հետ, ապա մասնակցեցին Հերիքնազ Խաչիկյանի վարպետության դասին, որը խոսեց դդմիկը արվեստի վերածելու մի շարք կարևոր փաստերի մասին։