ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է
09.12.2019
Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Օրվա առթիվ ՀՊՄՀ-ի արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության, առաջին բուժօգնության և էկոլոգիայի ամբիոնները համատեղ կազմակերպել էին տեղեկատվական միջոցառում։

Արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության, առաջին բուժօգնության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը և դասախոս, փրկարար ծառայության փոխգնդապետ Պերճ Կարապետյանն անդրադարձան սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանի ռիսկայնության, Սպիտակի աղետալի երկրաշարժի ուժգնության մասին՝ ընդգծելով իրազեկված լինելու անհրաժեշտությունն ու կարևորություն։

«Աշխարհում տարեկան զգալի թվով երկրաշարժեր են լինում, իսկ դրանց օջախներում երկրաշարժերը կարող են կրկնվել 50-60 տարին մեկ: Ցավոք, երկրաշարժերի ուժգնության չափերը նախապես կանխատեսել հնարավոր չէ, բայց դրանց մասին գիտելիքները կարող են նվազեցնել ռիսկերը»,-նշեց Պերճ Կարապետյանն ու ներկաներին հորդորեց չհավատալ ապատեղեկատվություն տարածողներ, այլ լինել տեղեկացված ու պաշտպանված:

Ներկաները հոտնկայս լսեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը, ապա տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները ներկայացրին ծավալուն տեղեկատվություն երկրաշարժերի մասին՝ անդրադառնալով  բնական և տեխնածին երկրաշարժերին, Հայկական լեռնաշխարհում տարբեր տարիների տեղի ունեցած՝ Անիի, Դվինի, Գառնիի, Գյումրիի, Սպիտակի  երկրաշարժերին, խոսեցին երկրաշարժերի ինտենսիվության և մագնիտուդի տարբերությունների մասին, ներկայացրին թվային վիճակագրություն։ Ուսանողներն անդրադարձան նաև Սպիտակի երկրաշարժի  պատճառներին ու վարկածներին, սահմանեցին ավերման գոտու բնութագիր՝ խոսելով անպատրաստ լինելու և թույլ տրված սխալների մասին:

Ձեռնարկի ընթացքում ուսանողները ցուցադրեցին տարբեր աղետների ժամանակ առաջին բուժօգնության և հոգեբանական  աջակցության օրինակներ, իսկ ավարտին հորդորեցին լինել տեղեկացված, զգոն և տիրապետել երկրաշարժի դեպքում կիրառելի վարքականոններին:

Նշենք, որ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա շրջանակներում կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ իրազեկել և զգոնություն արթնացնել յուրաքանչյուրի մեջ։ Չէ՞ որ զոհերի թիվը նաև մի շարք սխալների արդյունք էր. շենքերը վատ էին կառուցված, շինարարների կողմից թերագնահատված էր սեյսմիկ վտանգը (շենքերը նախատեսված էին 7—8 բալի համար), երկրաշարժի դեպքում վարքականոնների մասին բնակչությունն իրազեկված չէր և այլ պատճառներ։