ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիդակտիկ նյութերի ցուցահանդես
17.06.2024
Դիդակտիկ նյութերի ցուցահանդես

Դիդակտիկ նյութեր, բազմաբնույթ պաստառներ, ձեռագործ տիկնիկներ, տառադարաններ, բառագրքեր, քարտեր և մանկավարժական պրակտիկայի ընթացքում ստեղծված հետաքրքիր այլ պարագաներ այսօր ներկայացվեցին դիդակտիկ նյութերի ցուցահանդեսում։

ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ բուհի 4 ֆակուլտետի 2-3 կուրսերի ուսանողներն  ներկայացրին և վերլուծեցին պրակտիկայի ընթացքում ստեղծած աշխատանքները, դրանց կիրառման ձևերը, կարևորությունը, նպատակներն ու անհրաժեշտությունը:

Զուգահեռ ուսանողները մեկնաբանեցին պրակտիկայի ընթացքում իրականացրած տարաբնույթ աշխատանքները, խոսեցին դրանց երկուստեք արդյունավետության, ձեռքբերումների, նաև խնդիրների մասին։

Ուսումնաճանաչողական պրակտիկան կարևորվեց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, դիդակտիկ պարագաների և խաղերի կիրառման ընկալման, հաղորդակցական, համագործակցային, գործնական կարողությունների զարգացման, ուսուցման նկատմամաբ հետաքրքրության, ուսումնական մոտիվացիայի բարձրացման տեսանկյունից և այլն։

Ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը նկատում է՝ մանկավարժական պրակտիկան կարևոր ժամանակահատված է ինչպես ուսանողի, այնպես էլ դասախոսի համար․այն հնարավորություն է տալիս տեսնել կուտակած փորձը, վերհանել թույլ և ուժեղ կողմերը։

Ի՞նչ սովորեցինք, ի՞նչը և ինչու՞ չստացվեց, ինչպե՞ս կարելի էր անել, որ առավել որակյալ աշխատանք լինի․ պրոֆեսոր Թոփուզյանը գոհ է ներկայացված արդյունքից, բայցև հավելում է՝ պրակտիկայի ոլորտում անելիքները շատ են , նաև պետք է մտածել ներկայացվող նյութերի ձևաչափը փոխելու և դրանք առավել արդիական դարձնելու մասին։

Մանկավարժության ամբիոնի դոցենտ Գայանե Հարությունյանը, որ ղեկավարել է պրակտիկայի աշխատանքները, կարևորում է՝ ներկայացված նյութերը նաև կրթադաստիարակչական բնույթ ունեն, իսկ սոցիալական մանկավարժների դեպքում՝ նաև սոցիալականացման, աջակցման, ինքնասպասարկման։

Նա ուրախությամբ է նկատում՝ ուսանողները հետաքրքրված են դիդակտիկ նյութերի ստեղծմամբ և վստահ են՝ դրանց առկայությունն ապահովում է մանկավարժական պրակտկայի արդյանուվետությունը, ինչով էլ պայմանավորված ցուցաբերում են նորարարական մոտեցումներ, դրսևորում են ստեղծագործականություն, փորձում զարգանալ , կատարելագործվել և չկրկնվել։

Ցուցահանդեսին ներկա Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը մանկավարժությունն առանց պրակտիկայի չի պատկերացնում․ այն մանկավարժական գործընթացի կարևոր բաղադրիչ է համարում։

ՀՊՄՀ Պատմության թանագարանի տնօրեն Ալվարգ Գրիգորյանը դիդակտիկ նյութերի ցուցահանդեսը մեծ աշխատանքի ցուցադրություն է համարում։ Խորհուրդ է տալիս դպրոցում աշխատելու տարիներին զարգացնել ներկայացված գաղափարները, ինչպես նաև չմոռանալ՝ թանգարանը ևս կրթական մեծ ներուժ է․պատրաստ են աջակցել և համագործակցել։

Ի դեպ, պրակտիկայի դիդակտիկ նյութերի քննական-վերլուծական, նորարական և ստեղծագործական մոտեցման համար մասնակիցներից մի քանիսին տրվեցին հավաստագրեր։