ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիմորդների հայտագրման գործընթացը սկսված է
11.05.2017
Դիմորդների հայտագրման գործընթացը սկսված է

«Մանկավարժական համալսարանում 2017-2018 ուստարում կներդրվի շախմատ և շրջակա միջավայրի գիտություններ մասնագիտությունները, որոնք նորույթ են բարձրագույն կրթության համակարգում: Առարկաները տևական ժամանակ է դասավանդվում են հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, սակայն դժվար է խոսել մասնագիտությունների պահանջարկի մասին»,- «Արմենպրեսում» այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՊՄՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը:

Բանախոսը ներկայացրեց 2017-2018 ուստարվա առկա բակալավրիատի կրթական ծրագրով դիմորդների հայտագրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ՝ նշելով, որ դիմում-հայտերի ընդունումը մեկնարկել է մայիսի 5-ից, բայց դեռևս վաղ է խոսել դիմորդների ակտիվության և մասնագիտական կողմնորոշման մասին:

Արտաշես Մարտիրոսյանը նկատեց, որ թեպետ նախորդ տարվա արդյուքները գոհացուցիչ են, սակայն դիմորդների թվի նվազեցման միտում կա հանրապետության մասշտաբով, ինչն առավել կզգացվի հաջորդ ուսումնական տարում:

ՀՊՄՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը նշեց, որ այս տարի Մանկավարժական համալսարանին հատկացվել է 1510 վճարովի և 95 անվճար տեղ:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, որը ներկայացրեց մայր բուհի ընդունելության գործընթացը:

Բանախոսներն անդրադարձան նաև պահանջված մասնագիտություններին.Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ ՀՊՄՀ-ի մասնագիտությունների 95 տոկոսն առնչվում է կրթական հաստատությունների հետ և աշխատաշուկան հիմնականում դպրոցն է.«Մանկավարժական համալսարանում շարունակվում են պահանջված մնալ հայոց լեզու և գրականություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա և այլ մասնագիտություններ»,-հավելեց Արտաշես Մարտիրոսյանը: