ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ աբովյանականներին
06.07.2023
Դիպլոմներ՝ աբովյանականներին

Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շարունակվում են 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու միջոցառումները։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետն այս տարի ունի բակալավրիատի և մագիստրատուրայի 153 շրջանավարտ․ նրանցից 62-ը մանկավարժական մայր բուհն ավարտում է գերազանցության դիպլոմով։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը պորֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորեց շրջանավարտներին՝ այս պահից արդեն՝ իրենց կրտսեր գործընկերներին։

«Շատերիդ մասնագիտական առաջին քայլերն եմ հիշում․ նույն ուրախությամբ և ոգևորությամբ բոլորիդ տեսնում եմ կայացած մասնագետի կարգավիճակում։ Մեր ամենամեծ առաքելությունը հենց դա է՝ ձեր շարքերում տեսնել մանկավարժների, որոնք հաջողությամբ պիտի կրթեն և դաստիարակեն հաջորդ սերունդներին։ Փափագում եմ շատերիդ հանդիպել որպես կայացած նկարիչներ, մանկավարժներ և ունենալ հպարտության զգացողություն, որ հենց այս համալսարանի սանն եք եղել»,- նշեց ֆակուլտետի դեկանն ու ապագա մանկավարժներին հորդորեց ամուր պահել բուհի հետ կապը․ դա երկուստեք կարևոր է և արդյունավետ։

Տոնական մթնոլորտ էր նաև ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում, որն այս տարի ունի բակալավրիատի 57 և մագիստրատուրայի 14 շրջանավարտ․ նրանցից 17-ը հանրակրթական տարբեր հաստատություններում մասնագիտական ուղին սկսում է գերազանցության վկայականով։ Շրջնավարտներին շնորհավորեցին և լուսավոր ապագա մաղթեցին ամբիոնների վարիչները։

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ապագա ուսուցիչներին մաղթեց աշխատանքային հաջողություններ, և որտեղ էլ աշխատեն, բարձր պահեն հայ մանկավարժի և Մանկավարժական համալսարանի վարկը:

Գերազանց առաջադիմությամբ բուհն ավարտած շրջանավարտ Տաթև Թամրազյանը հպարտ է և շնորհակալ հարազատ բուհին, իսկ իր աշխատանքային մկրտությունը Տավուշի մարզի Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում ստացած Կարլեն Նազարյանն ընդգծեց, որ բանասիրական ֆակուլտետն ամուր թևեր է տվել իրեն հստակ քայլելու և նոր խոսք ասելու մանկավարժության ասպարեզում:

Երկու ֆակուլտետների շրջանավարտներն առավել քան վստահ են՝ ընտրել են լավագույն մասնագիտություններից մեկը, որը նաև կոչում է՝ կրթելու և դաստիարակելու հայրենիքի վաղվա օրն ապահովող սերունդներին։