ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ` ՀՊՄՀ շրջանավարտներին
07.07.2021
Դիպլոմներ` ՀՊՄՀ շրջանավարտներին

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացը: Փոխադարձ շնորհավորանքներ, մաղթանքներ, բարձր տրամադրություն, երախտագիտության խոսքեր. բուհի 10 ֆակուլտետում շրջանավարտներին ճանապարհելու համար տարբեր կերպ էին պատրաստվել` հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանմամբ:

2020-2021 ուսումնական տարում առկա և հեռակա ուսուցման համակարգում Մանկավարժական համալսարանն ունեցավ 1951 շրջանավարտ, 1482` բակալավրիատի, 469՝ մագիստրոսի կրթական աստիճանով: Բակալավրիատի 193 և մագիստրատուրայի 197 շրջանավարտ ստացավ գերազանցության դիպլոմ:

Շրջանավարտներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը: Բակալավրիատի շրջանավարտներին նրանք խորհուրդ տվեցին ուսումը շարունակել նաև մագիստրատուրայում՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում կամրապնդվեն ձեռք բերված կարողությունները, կխորացվեն մասնագիտական հմտությունները՝ գրանցելով գիտական նոր ձեռբերումներ մանկավարժության և այլ ոլորտներում:

Մագիստրոսներին էլ խորհուրդ տվեցին ամուր պահել կապը հարազատ կրթօջախի հետ, մշտապես խորհրդակցել դասախոսների հետ և զարգացնել մասնագիտական գիտելիքները:

Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին հարազատ բուհին` իրենց գիտելիքներով, մարդկային և մասնագիտական որակներով իրենց զինելու համար: Նրանք խոստացան ամուր պահել կապը հարազատ կրթօջախի հետ, որը հավատարիմ իր ուսանողակենտրոն քաղաքականությանը՝ առաջակցում է շրջանավարտներին զբաղվածության և մասնագիտական տարբեր խնդիրները լուծելու ճանապարհին: