ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոսներին
26.02.2018
Դիպլոմներ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոսներին

Այսօր դիպլոմներ հանձնվեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի հեռակա ուսուցման համակարգի շուրջ 51 ուսանողներին:

Շրջանավարտներին շնորհավորեցին ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչներն ու դասախոսներ՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ ապագա սերունդների կրթման և դաստիարակման կարևորագույն գործում:

«Այս պահին խանդավառված եք մանկավարժական մոտեցումներով, բայց հորդորում եմ երբեք չբավարարվել ձեռք բերածով, դասարան մտնել մշտապես պատրաստված և տարիների ընթացքում ապահովել մասնագիտական աճ և զարգացումներ»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ու վստահեցրեց, որ նրանց ուսումնական մեկնարկի և ավարտի համեմատության մեջ մեծ զարգացում կա:

Նա հորդորեց նաև աշխատավայրում լինել ակտիվ ու արհեստավարժ, վաստակել երեխաների սերն ու հարգանքը:

«Ձեր կյանքում սկսվում է նոր շրջափուլ, ուր մուտք եք գործում լուրջ ձեռքբերումներով:Հիշեք՝ ձեր տեղն առաջին հերթին դպրոցում է, և մենք մշտապես պատրաստ ենք աջակցել»,-նշեց Ա. Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին աջակցության, վերաբերմունքի և բարեմաղթանքների համար և խոստացան ուսուցչի աշխատանքին անցնել առաջին հերթին հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով, լինել արդարամիտ, բարձր պահել համալսարանի, ֆակուլտետի և դպրոցի պատիվը: