Հուլիսի 9-ին Մանկավարժական համալսարանում տոնական տրամադրություն էր․ ավարտական վկայականներ ստացան 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները՝ շուրջ 1600 բակալավր և մագիստրոս։
Ստանալով Մեծ Լուսավորչի անունը կրող կրթօջախի դիպլոմները՝ աբովյանականների նոր սերունդը ևս մեկ անգամ խոստացավ հավատարիմ մնալ մասնագիտական երդմանն ու զինվորագրվել այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը։
Շրջանավարտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Նա իր խոսքում հույս հայտնեց, որ բակալավրիատի շրջանավարտները կշարունակեն իրենց կրթությունը մագիստրատուրայում, իսկ մագիստրոսները հաջողությամբ կիրացնեն կարողություններն ու հմտությունները մասնագիտական համայնքում՝ նախադպրոցական հաստատություններից մինչև դպրոցներ, սոցիալական կենտրոններից մինչև արվեստի ոլորտ։
«Ի դեմս ձեզ՝ ուսուցչական համայնքը համալրվում է առաջատար մասնագետներով, իսկ համալսարանի մեծ ու ջերմ ընտանիքը՝ որակյալ շրջանավարտներով։ Համալսարանը ձեզ հրաժեշտ չի տալիս, այլ ասում է բարի գալուստ, քանի որ կրթության շարունակականության և մասնագիտության իրագործման բոլոր ասպեկտներում համագործակցությունը շարունակվելու է»,-վստահեցրեց ռեկտորն ու հորդորեց ամենուր առավելագույնս և պատվով դրսևորել այն գիտելիքները, հմտություններն ու ներուժը, որ ուսումնառության տարիներին ստացել են բուհից։
Շրջանավարտներին շնորհավորեց և գերազանցությամբ ավարտած 11 մագիստրոսի դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմեց որպես գործընկերներ և վստահեցրեց, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողություններն ու ձեռքբերումները լինելու են պետությանն ու երեխաներինը։
«Այսօր ձեզ ճանապարհելու ու նաև դիմավորելու, գնահատելու, հաջողություններ մաղթելու հնարավորություն ունենք։ Ձեր որակավորումները սովորական չեն․ դա աշխատանք է, որ ենթադրում է սրտացավություն, հետևողականություն, հոգատարություն և դառնում է կյանքի գործ։ Երբեմն այդ գործը վախեցնող է, բայց պետք է հասկանալ՝ աշխատանքի արդյունքով կարող եք ոգևորել կամ թևաթափ անել, խրախուսել կամ կոտրել։ Սա առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է և վստահ եմ, որ բուհի տված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն, որ ամեն բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվեք, ճիշտ արժեքներով առաջնորդվեք։ Մնացածը գալու է մասնագիտական փորձառությամբ , շարունակական ինքնակրթությամբ, և այստեղ է, որ համալսարանի հետ կապն ավելի եք ամրապնդելու՝ որպես գործընկերներ»,-նշեց նախարար Անդրեասյանը։
Նա ընդգծեց՝ օրը կարևոր է նաև նախարարության համար, քանի որ ընդունում են նոր մասնագետներ, երիտասարդներ։ Վստահեցրեց՝ պատրաստ են այսօրվա շրջանավարտներին հյուրընկալել դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հաստատություններում՝ իրագործելով Կառավարության՝ ուսուցչի մասնագիտությունը վերարժևորելու, նորովի գնահատելու ձգտումները․ «Վստահ եմ, որ ձեր ներգրավվածությամբ մեր երեխաների կրթությունը դարձնելու եք առավել որակյալ․ մի վախեցեք երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել։ Դուք արդեն մասնագետներ եք, և մենք ձեզնից սովորելու բան ունենք»։
Շրջանավարտներին շնորհավորեց նաև և բուհը գերազանցությամբ ավարտած 10 բակալավրի դիպլոմներ հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Վերջինս շրջանավարտներին մաղթեց լուսավոր, հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ։ Նա վստահեցրեց, որ ոլորտում նրանց կարիքը շատ կա․ «Մենք անհամբեր սպասում ենք նոր ու երիտասարդ մասնագետների»։
Նշենք, որ ողջ օրվա ընթացքում Մանկավարժականի 10 ֆակուլտետներում տոնական տրամադրություն էր․ դեկանները, ավարտական քննական հանձնաժողովների նախագահները, անվանի շրջանավարտները դիպլոմներ հանձնեցին 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտներին։
Վերջիններս շնորհակալություն հայտնեցին կրթօջախին և խոստացան պատվով կրել Մեծ Լուսավորչի անունը կրող բուհի պատիվը, ամուր պահել կապը հարազատ կրթօջախի հետ։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր ձեռնարկը շարունակվեց համերգային ծրագրով։ Ելույթներով հանդես եկան Գոռ Սուջյանն ու Սոֆի Մխեյանը, ՀՊՄՀ շրջանավարտներ Գոռ Մեծոյանն ու դիջեյ Համլետ Պետրոսյանը` ապահովելով շրջանավարտների ուրախ և անմոռանալի տրամադրությունը։